Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում. «Իրավունք»

Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում. «Իրավունք»

«Իրավունքի» հետ զրույցում Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը, դեպքից մանրամասներ է պատմել:

 

Տիկինը մասնավորապես նշել է․  «Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում: Ես սիստեմա չեմ ընդունել եւ գնացել նշանդրեքի: Մենք շտապօգնություն տուն ենք կանչել բուժքրոջը մարտի 9-ին, իսկ նշանադրության արարողությունը եղել է մարտի 8-ին: Արարողությունից տուն եմ եկել եւ ամբողջ գիշեր ջերմություն եմ ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել ենք: Եկավ եւ ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ  թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս եւ ցավ ունեմ մեջքի, ուրեմն` թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ եւ ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի եւ ստանամ  դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետեւից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են»։

 

 Պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է արձանագրել, որ մինչ նշանդրեքը նա որեւէ ախտանշան չի ունեցել՝ տիկինն ասել է․ «Ես ո՛չ ջերմություն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողությունս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրեի, որ ինձ մոտ կարող է լինել նման բան: Ասում էին` պետք է գրիպի նման լինի, կոկորդի ցավ ունենաս, բարձր ջերմություն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել»:

 

«Վերադարձել եմ փետրվարի 29-ին, օդանավակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ: Ասում էինք, որ լավ ենք, նորմալ է ամեն ինչ: Այդպես մինչեւ երեւի մարտի 4-ը»,- նշել է նա։

 

Իսկ մարտի 9-ին իրեն բուժհիմնարկ, կնոջ խոսքով, ուղեկցել է ամուսինը։ Նրա խոսքով Իտալիա մեկնել են փետրվարի 15-ին, «նպատակս ծնունդս նշելն էր, որը փետրվարի 18-ին էր: Քանի որ Իտալիան շատ եմ սիրում, ամուսինս որոշել էր անակնկալ անել: Երեք օրով եղել ենք այնտեղ, այնուհետեւ գնացել եմ քրոջս տեսնեմ, որը բնակվում է Ֆրանսիայում: Հինգ օր էլ եղել եմ այնտեղ, հետո վերադարձել եմ Միլան, այնտեղից էլ` Հայաստան»:

 

Հարցին, թե ինչպես է վերաբերում իր անվան շուրջ բարձրացված աղմուկին, պատասխանել է․ «Այդ տգիտությանն ինչպե՞ս վերաբերվեմ, Դուք կարո՞ղ եք ասել: Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞: Իմանալով հանդերձ, թե վարակակիր եմ, նշանադրություն եմ արել, ջհանդամ, թե հետո չեմ մեռնի՞: Չգիտեմ, չեմ կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել եւ հասկանալ, թե իրենք ինչպես են մտածում»։

 

Կնոջ խոսքով համացանցում տարածված իր անձնական տվյալների համար դեռ չի մտածում ՄԻՊ-ին դիմելու մասին․ «Հիմա այն վիճակում չեմ, որ դիմումներով զբաղվեմ: Առաջին հերթին մտածում եմ իմ առողջության մասին, Ֆեյսբուք էլ ընդհանրապես չեմ մտնում: Երբեւէ չեմ էլ սիրել այդ ցանցը, հիմա էլ աշխատում եմ չմտնել ինտերնետ, չկարդալ, չտեսնել, չնյարդայնանալ: Տեղից արդեն եղած ասեկոսեներից բարկանում եմ: Բայց հարազատներս հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որ գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվությունները, մինչդեռ մինչեւ օրս որեւէ արձագանք չկա: Ասում են, որ իմ նկարներն են տեղադրել սոցցանցում, ի՞նչ իրավունքով, ես երբեւէ սոցցանցերում նկար չեմ ունեցել: Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ տղաներս չեն սիրում այդպիսի բան: Մեր տանը որոշում է եղել, որ երբեւէ սոցցանցում նկար կամ ֆեյսբուքյան էջ չունենամ: Մինչդեռ այսօր մարդիկ անընդհատ իմ նկարները դնում են համացանցում: Սա մարդու իրավունքների խախտում չէ՞, դատական գործ չի՞ հարուցվելու իրենց վրա: Դուք դեռ չգիտեք, թե որոշ բժիշկների վերաբերմունքն ինչպիսին էր իմ հանդեպ, կարծես, ես հանցագործ էի: Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, անգամ չուզեցին լսել իմ խոսքը: Ոչ ոք չհարցրեց ինձ, թե որ օրն եմ վատացել, ի՞նչ է եղել: Բայց դուրս եկան, ինչ-որ հայտարարություններ արեցին, վարչապետին էլ լուրեր հասցրին, եւ պարոն Փաշինյանը, հավատալով այդ լուրերին, ինքը հայտարարություններ սկսեց անել: Կարելի՞ է այդպիսի բան անել, թող մարդ ուղարկեին վարչապետի կողմից, ինձ հարցեր տային, իմանային, թե ինչպիսին է եղելությունը: Ուղղակի, զարմանում եմ` ինչքան չարություն կա մարդկանց մեջ: Ամբողջ աշխարհը կարեկցում է վարակակիր մարդկանց, մտածում` ինչով օգնի: Մի՞թե ես եմ այդ վիրուսը ստեղծել, զարմանում եմ` մարդիկ ինչքան կարող են չար, անհոգի լինել»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8805.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :