Հոգեկան առողջության խնդիրներով անձանց խնամքի կենտրոնի տնօրենը խոշոր չափի հափշտակություններ ու կեղծիքներ է արել. ԱԱԾ

Հոգեկան առողջության խնդիրներով անձանց խնամքի կենտրոնի տնօրենը խոշոր չափի հափշտակություններ ու կեղծիքներ է արել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տեւական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ եւ կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք:

 

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, 2015-2019 թթ. ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել:

 

Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, եւ պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը:

 

Բացի դրանից, նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում:

 

Միեւնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել եւ պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձեւակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից եւ չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

 

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ եւ կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8162.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :