Գյումրու Մուշի ոստիկանապետը չպատժվեց ու նշանակվեց Էրեբունու ոստիկանապետ. «Շեկոյի» ընկերը՝ Էրեբունու ոստիկանապետի մասին

Գյումրու Մուշի ոստիկանապետը չպատժվեց ու նշանակվեց Էրեբունու ոստիկանապետ. «Շեկոյի» ընկերը՝ Էրեբունու ոստիկանապետի մասին

Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը գյումրեցի գործարար «Շեկո» մականունով Գարիկ Ուզունյանին պատկանող խանութի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելուց հետո նշանակվել է Էրեբունու բաժնի ոստիկանապետ. այդ գործողությունների վերաբերյալ անգամ քրեական գործ չհարուցվեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց գյումրեցի գործարար՝ Գարիկ Ուզունյանի ընկեր՝ Կարապետ Պողոսյանը։

 

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանը 2019 թվականի սեպտեմբերին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, եւ տեսանյութին կից գրել, թե ինչպես են ոստիկանական համազգեստով անձինք մտնում տվյալ խանութ եւ բռնություն գործադրում աշխատակիցների նկատմամբ։

 

«Շիրակի մարզի ոստիկանության վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դիմում գրեց, գնաց թոշակի, իսկ Խորեն Բարխոյանին նշանակվեց Էրեբունու բաժնի ոստիկանապետ։ Տեղեկացա, որ Արամ Վարդանյանի տան այդ գործողություններն էլ ղեկավարել է հենց ինքը։ Նույն ոստիկանապետը, որը մի քանի ամիս առաջ բռնություն գործադրելով, բոլոր տեսակի բարեկրթության ու ցենզուրայի սահմաններն անցնելով հարձակում էր կատարել իմ ընկերոջ բիզնեսի աշխատակիցների վրա։ Պարզվեց, որ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվել, այլեւ ավելին, տեղափոխվել է Երեւան»։

 

Նա նշեց, որ տվյալ դեպքի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել. «Ստացվում է, որ Ոստիկանությունն օրվա իշխանության կամակատարն է, եւ փաստացի, ոստիկանը նման վատ պահվածքի համար չի պատժվում»։

 

Հիշեցնենք, որ երեկ գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

 

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

 

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ այսօր։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/8020.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :