«Նինձյաների պես պատերի վրայով լցվել էին». «Վստրեչի Ապերի» տանը Ոստիկանության խուզարկությունից պատմում է նրա սանիկը

«Նինձյաների պես պատերի վրայով լցվել էին». «Վստրեչի Ապերի» տանը Ոստիկանության խուզարկությունից պատմում է նրա սանիկը

Մայրը փոքր երեխան քնած են եղել, ապակին կոտրել են, զենքը պահել են իրենց վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին պատմեց «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի սանիկ Իսրայել Հակոբկոխյանը։

 

Նշենք, որ փաստաբաններն առավոտյան հայտարարություն էին տարածել, որ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։

 

Վարդանյանի սանիկը պատմեց, որ ինքը ականատես չի եղել դեպքին, քնած է եղել, երբ իրեն զանգել է Վարդանյանի մայրն ու օգնության կանչել.

 

«Առանց թուղթ ցույց տալու պատերի վրայով, նինձյաների պես 50 կամ 100 հոգով լցվել են։ Ու կինարմատի ու աղջիկ երեխու հետ, աղջիկ երեխուն էլ որ տեսնեք, երեւի Նիկոլի աղջկա տարիքին է։ Մայրն է զանգել ու ասել՝ հասի տուն, հանցագործներ են, եկա ստեղ, տեսա սենց վիճակ ա։ Վազելով գնացել եմ քաղմաս, որ հայտարարություն տամ, էն էլ ոստիկաններն ասացին՝ մենք ենք եղել։ Ասեցի՝ ապրեք, որ դուք եք եղել։ Եկա, արդեն գնացել էին»։

 

Նա հայտնեց, որ տանը եղել են Արամ Վարդանյանի աղջիկը, թոռը, մայրը եւ որդին։

 

Հարցին՝ Վարդանյանը Հայաստանո՞ւմ է, նա պատասխանեց, որ տեղեկություն չունի.

 

«Ես իրենից բացարձակ տեղեկություն չունեմ։ Նենց են արել իշխանությունները, որ բարեկամներիդ հետ էլ չկարողանաս հարաբերություններ ունենաս»։

 

Նա լրագրողներին ցույց տվեց կոտրված ապակիները, եւ նշեց, որ այդ տունը Արամ Վարդանյանի աղջկան է պատկանում. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենք պահել են իրենց վրա»։

 

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն  իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:

 

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7991.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :