Տնօրենն ասել է՝ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ովքեր են մասնակցել ակցիային. ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցների բողոքը

Տնօրենն ասել է՝ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ովքեր են մասնակցել ակցիային. ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցների բողոքը

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» տնօրինությունը ճնշումներ է գործադրում կենտրոնի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք վերջին օրերին մասնակցում են կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու որոշման դեմ բողոքի ակցիաներին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտնեցին կենտրոնի աշխատակիցները։

 

«Առաջինը, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է՝ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ովքեր են մասնակցել ակցիային, ինչպես նաև ճշտեն աշխատակիցների տան հասցեները։ Երբ 2018թ. մեր ամբողջ անձնակազմը հրապարակում էր, և հիմնարկում մի քանի հերթապահ էր մնացել, ոչ մեկի մտքով չի անցել ցուցակ ուզել, թե ով է գնացել աջակցելու ժողովրդին, հեղափոխությանը»,- ասաց աշխատակիցներից մեկը։

 

Ըստ աշխատակիցների՝ այսպիսի որոշում կայացնելը առանց մասնագիտական քննարկման և կենտրոնի աշխատակիցների հետ խորհրդակցելու անհնար է։

 

«Նախարարն ասաց, որ ինքը հոգնել է մասնագիտական քննարկում բառակապակցությունից իսկ մենք հոգնել ենք արդեն մասնագիտական քննարկումներ առաջարկելուց։ Այսպիսի արհամարական վերաբերմունք մասնագետների նկատմամբ մեր երկրում դեռևս չի եղել։ Մեկ տարի շարունակ մենք նրան դիմում ենք տարբեր ձևերով՝ ուղարկելով մասնագիտական վերլուծություններ։ Մեկ տարի շարունակ բացարձակ արհամարանքի ենք արժանացել»,- պատմեց աշխատակիցը։

 

Մյուս աշխատակիցը հայտնեց, որ ինքը չի հիշում որևէ դեպք, որ նախարարության ներկայացուցիչը ներկայանա և չհիմնավորված սպառնալիքներ հնչեցնի բուժանձնակազմի հասցեին կապված վերջիններս աշխատանքից ազատման դիմումների հետ։

 

«Երբ ուրբաթ օրը գրեցինք աշխատանքից ազատման դիմումները, 15 րոպե անց հայտնվեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը և  հայտարարեց, որ խմբակային աշխատանքից ազատման դիմում գրելը քրեորեն հետապնդելի է։ Երբ խնդրեցինք ցույց տալ այդ հոդվածը, Լուսինե Քոչարյանը սկսեց կմկմալ»,- պատմեց աշխատակիցը։

 

Աշխատակիցներից մեկը նաև նշեց, որ իրենք տեղյակ չեն՝ իրենց ազատման դիմումները մակագրվել են, թե ոչ, և դա իրենց չի էլ հետաքրքրում։ Նրա պնդմամբ՝ այս քայլով իրենք ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ առաջարկված փոփոխության նկատմամբ։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7989.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :