«Բանկում մարդը վճարում է անում, 4 հոգի մի կողմից է նայում, 4 հոգի՝ մյուս կողմից». Փաշինյանը բանկային գաղտնիքի մասին

«Բանկում մարդը վճարում է անում, 4 հոգի մի կողմից է նայում, 4 հոգի՝ մյուս կողմից». Փաշինյանը բանկային գաղտնիքի մասին

Կառավարության այսօրվա՝ մարտի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  բանկերում հերթ կանգնելու խնդրին եւ նշեց, որ այդ հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել: «Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով: Մարդը իր ընտանիքի անդամների հեռախոսների համար ուզում է վճարում անել, 4 հոգի մի կողմից են աչքերը չռած նայում, 4 հոգի մյուս կողմից»,-ասաց նա:

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկերում այդ հարցը լուծվել է եւ նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ կատարելու: 

 

Վարչապետը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ, հերթ կանգնել: Նա նշեց, որ այդ ուղղությամբ եւս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականի կատարման ընթացքը: Վարչապետը կոչ արեց պատրաստել հոլովակներ, որ տեսնեն, թե ինչպես քաղաքացին կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել:

 

Վարչապետը նշեց, որ Մաշտոցի պողոտայում հարյուրավոր մարդկանց հետ շփվել է, որոնց մեջ տասնյակներ են եղել, որոնք չեն իմացել, որ ապրիլի 5-ին  հանրաքվե է նշանակվել: «Ստացվում է, որ այդ ծրագրերը անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետեւ գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք եւ գրենք, որ ծրագիրը կատարված է: Տեղյակ չեն մարդիկ, եւ այդ չտեղեկացվածության մեղավորը մենք բոլորս ենք»,-ասաց նա:

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երեք ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված, եւ սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել, եւ մինչեւ 100 հազար դիտում է ունեցել: Վարչապետը հակադարձեց. «100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ, լայն տարածումը այն է, երբ դա կունենա 15, 20 միլիոն դիտում, քանի որ մարդը չորս անգամ նայի, որ կարողանա այդ գործիքը օգտագործել»: Նա հորդորեց այնպես տարածել, որ այդ հոլովակը ունենա 20, 30 միլիոն դիտում:

 

«Մի հատ էլ, խնդրում եմ, ռազմավարություն մշակեք, թե ինչ անենք, որ ես իմ հանձնարարականին 2, 3, 4, 5, 6-րդ անգամ չանդրադառնամ»,-ասաց վարչապետը: 

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ բանկային համակարգում կա մի խնդիր,  պայմանավորվել են լուծել. այսօր կանխիկ տրամադրվող ծառայությունները ավելի էժան են, քան անկանխիկ, եւ պետք է հակառակը լինի: «Դրա պատճառն այն է, որ իրենց եկամուտի աղբյուրը  կանխիկ է, քանի որ աշխատավարձների մի ստվար հատված կա, որ կանխիկ ենք տալիս: Դա նաեւ քաղաքակրթության հարց է, բանկում կոմունալ վճարելը խայտառակություն է քաղաքակրթական իմաստով»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ դա նույնն է, որ գնաս ընտրությունների եւ քարոզարշավ չանես:

 

«Մենք ասում ենք, մենք լսում: Մի տարի հետո ասում են, թե փուլ-փուլ անում ենք, ձեր փուլ-փուլ անելը մինչեւ 2053 թիվը կտեւի: Ես դնում եմ հետեւյալ խնդիրը՝ լայնածավալ քարոզչական արշավ սկսել բոլոր էլեկտրոնային հարթակների ուղղությամբ եւ չդադարեցնել, սկսել հիմա եւ չավարտել այնքան ժամանակ, մինչեւ դրա ավարտի վերաբերյալ հատուկ արձանագրում չլինի»,-ասաց վարչապետը:

 

Վարչապետը հետաքրքրվեց, որ եթե ինքը 1011 դրամի էլեկտրաէներգիա է սպառել, եւ եթե ապարատից վճարում է անում,  կարո՞ղ է այնտեղ պարզվի, որ գրված է 1012 դրամ:  Արթուր Ջավադյանն ասաց՝ այո եւ դրա պատասխանատուն այդ շտեմարանը ստեղծած գերատեսչությունն է, իսկ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը բացառեց, որ նման բան կարող է լինել:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7979.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :