Սահմանին ապրող ընտանիքի համար՝ տարիների խնդիր է լուծվել. Պառավաքարում Բրուտյաններն ապրել են փլուզման վտանգի տակ

Սահմանին ապրող ընտանիքի համար՝ տարիների խնդիր է լուծվել. Պառավաքարում Բրուտյաններն ապրել են փլուզման վտանգի տակ

Սահմանապահ Պառավաքարում ապրող Բրուտյանները տարիներ շարունակ ապրել են փլուզման վտանգ ունեցող տան մեջ: Պապից թոռ հասած տան հիմքերը տարիների ընթացքում սկսել են թուլանալ: Կաթացող տանիքն ու փայտյա հատակն էլ շարքից դուրս են եկել՝ տանտերերին կանգնեցնելով խնդիրը շուտափույթ լուծելու փաստի առջև: Լքել հայրենի գյուղը չեն ձգտել. պատերազմական ժամանակահատված հաղթահարած ընտանիքի համար դա նաև պատվի հարց է եղել: Բրուտյանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

 

Նախորդ տարվա աշնանը, Մանվելն սկսել է տան վերակառուցման աշխատանքները: Իրականացված լայնածավալ աշխատանքների շնորհիվ, կարգավորվել են հրատապ լուծում պահանջող հարցերն ու ստեղծվել պայմաններ՝ նորմալ կենցաղավարության համար. լիարժեք ամրացվել են տան հիմքերը, փոխվել տանիքն ու հատակը, ավելացել են հարմարավետ խոհանոցը, կոմունալ հարմարությունները  և սահմանին ապրող գյուղացու կյանքում անհրաժեշտություն դարձած ապաստարանը: Երկրորդ հարկից նկուղային հարկ տանող ապաստարանի մուտքն սկսվում է երեխաների ննջասենյակից:

 

«Երբեմն, երբ կրակոցներ էին լինում, թաքնվելու տեղ չկար: Ավելին, փլուզման եզրին գտնվող տանից հարկավոր էր նույնիսկ փախնել: Հիմա, բետոնացման աշխատանքներն այնքան լավ են կատարված, որ հանգիստ կարող ենք պատսպարվել: Եթե անգամ երկրորդ հարկը վնասվի՝ նկուղային հարկը կմնա: Ծրագիրն անչափ կարևոր է տան խնդիր ունեցող ընտանիքների համար»,- ասել է տանտերը՝ Մանվել Բրուտյանը:

 

Վերակառուցված տան մեջ ապրում են 6 հոգով: Բազմանդամ ընտանիքը հասցրել է առաջին ձմեռն անցկացնել նոր տանն ու սկսել է կենտրոնանալ այլ նպատակների իրականացման ուղղությամբ:

 

Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում, Պառավաքարում տան խնդիր է լուծել 5 ընտանիք:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7620.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :