Թեև Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ տարեկան 150-ից քիչ ծնունդ ունեցող ծննդատները կփակվեն, բայց 50-60 ծնունդ ունեցող Ծաղկահովիտի և 9 ծնունդ ունեցող Արծվաբերդի ծննդատները վերազինվելուց հետո կգործեն

Թեև Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ տարեկան 150-ից քիչ ծնունդ ունեցող ծննդատները կփակվեն, բայց 50-60 ծնունդ ունեցող Ծաղկահովիտի և 9 ծնունդ ունեցող Արծվաբերդի ծննդատները վերազինվելուց հետո կգործեն

Մարզերում գործող ծննդատների փակման հարցը վերանայվել է: Արագածոտնի մարզի Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները, հնարավոր է, շարունակեն շահագործվել, թեև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կփակվեն բոլոր այն ծննդատները, որոնք չեն ապահովում 150-ից ավելի ծնունդ:

 

 

Նախարարը նշել էր նաև, թե պատրաստ են բանակցել այն ծննդատները չփակելու հարցով, որոնք տարեկան կապահովեն 100-ին մոտ ծնունդներ: «Բանակցություններ վարվում են նրանց հետ, որոնք ռեալ, հնարավոր է, որ այդ մինիմալին հասնեն, որովհետև, օրինակ՝ 10 ծնունդ ընդունողի հետ մենք բանակցություն վստահաբար չենք կարող վարել, բայց 100-ին մոտ, 100-ից բարձրների հետ կարող ենք, բայց նորից եմ կրկնում, դա առնվազն պետք է լինի պահանջ-պայմանների կատարմամբ ու ոչ միայն թվով, որովհետև եթե չկա վիրահատարան, եթե չկա ինտենսիվ թերապիա, եթե չկա նույնիսկ անեսթեզիոլոգ ծննդատանը, ապա դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի ճանապարհ ուզում է՝ փակեն: Դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջությունը պաշտպանելուն է միտված և վերջ»,-հայտարարել է նախարարը:

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում, որտեղ տարեկան միջինը 50-60 ծնունդ է լինում, այժմ դադարեցված է ֆինանսավորումը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲԿ տնօրեն Արմեն Հակոբյանը:

 

 

«Նախարարությունն առաջարկել է ԲԿ-ն համալրել աշխատակիցներով, որից հետո կրկին կկատարվի ֆինանսավորում: Նարկոզի բժիշկ և մանկաբարձ-գինեկոլոգ պետք է հրավիրենք աշխատանքի, այժմ փնտրում ենք: Մասնագետների համալրումից հետո կսկսվեն աշխատանքները: Ծնունդների թիվն այդ դեպքում կփորձենք հասցնել 100-ի»,-ասաց Հակոբյանը՝ նշելով նաև, որ շինարարական աշխատանքներ ևս կկատարվեն:

 

Նրա խոսքով՝ տարեսկզբից մինչ օրս ծննդատանը 1 ծնունդ է եղել, որի ֆինանսավորումը նախարարությունը պետք է տրամադրի:

 

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատան ֆինանսավորումը ևս դադարեցված է այս պահին, բայց շինաշխատանքների և ծննդատունը վերազինելու աշխատանքներից հետո այն կրկին կշահագործվի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը: Ծննդատանը, նշենք, 2019 թ. 9 ծնունդ է եղել:

 

«Աշխատանքներ են տարվում ծննդատունը համապատասխան տեխնիկայով և մասնագետներով վերազինելու համար: Այս պահին ֆինանսավորումը դադարեցված է, բայց 1 ծնունդ ընդունել ենք տարեսկզբից: Կատարվելու է ամբողջ հիվանդանոցի վերանորոգում, շենքային պայմանների բարելավում, գույքի տրամադրում»,-ասաց Դալլաքյանը՝ նշելով նաև, որ վերանորոգման աշխատանքների և վերազինման համար ֆինանսավորել են Առողջապահության նախարարությունը, տարբեր կազմակերպություններ, բարերարներ: «Գույքային բավականին խոստումներ տվել»,-հավելեց ԲԿ տնօրենը:

 

Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկների, կտևեն մինչև տարեվերջ, բայց այդ ընթացքում որևէ աշխատակից չի զրկվի աշխատանքից:

 

Արագածոտնի մարզի Արտենի համայնքի դեպքում ծննդատունը վերջնական փակելու որոշում է կայացվել, որը, ըստ Արտենի առողջության կենտրոնի տնօրեն Վարուժան Հակոբյանի, ամենաշահեկանն է: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում:

 

«Նախարարությունը չի ֆինանսավորում, բայց բուժհաստատությունը վերապրոֆիլավորելու աշխատանքներ է կատարում: Ծննդատան հատվածում 5 մահճակալ կա, որոնք կվերափոխվեն ու կդառնան ընդհանուր բուժօգնության համար հասանելի: Հարցն օրերս վերջնականապես կլուծվի»,-ասաց նա՝ նշելով նաև, որ աշխատակիցները չեն զրկվի աշխատանքից:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7288.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :