Գիշերօթիկները լուծարվել են, բայց դրանց փոխարինող ցերեկային խնամքի կենտրոններ որոշ համայնքներում չկան, մասնագետներ՝ ևս. երեխաներին երբեմն օգնում են բարերարներ

Գիշերօթիկները լուծարվել են, բայց դրանց փոխարինող ցերեկային խնամքի կենտրոններ որոշ համայնքներում չկան, մասնագետներ՝ ևս. երեխաներին երբեմն օգնում են բարերարներ

Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Կառավարության նիստում որոշվել է, որ գիշերօթիկ դպրոցների փոխարեն Երևանում և մարզերում կբացվեն ցերեկային աջակցման կենտրոններ, իսկ Երևանում, Կապանում և Գյումրիում՝ ճգնաժամային աջակցման կենտրոններ: Այդ օրը Կառավարության որոշումով լուծարվել է 5 կենտրոն՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատունը» գիշերօթիկ դպրոցները:

 

Tert.am-ը բողոքներ է ստացել, որ գիշերօթիկ դպրոցների լուծարումից հետո ցերեկային խնամքի կենտրոններն իրենց գործառույթները պատշաճ կերպով չեն իրականացնում, ավելին՝ որոշ համայնքներում դեռ չեն գործում խնամքի ցերեկային կենտրոնները:

 

«Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության լուծարումից հետո քաղաքում փոխարինող որևէ այլ հաստատություն չի գործում: Հաստատության նախկին աշխատողներից Նունե Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հաստատության լուծարումից հետո իրենց մոտ ոչ մի այլընտրանք չի ստեղծվել:

 

«Որևէ բան չի գործում, որևէ ծրագիր չկա: Համարել են, որ մեր դպրոցը՝ որպես ցերեկային կենտրոն հարմար չի, քաղաքից կտրված է, քաղաքում ցերեկային կենտրոն չկա և որևէ լուր չունենք, թե ապագայում կարող է լինի»,- ասաց Նունե Հովսեփյանը:

 

Հաստատության 15 աշխատողները գործազուրկ են: Հովսեփյանը նշեց, որ երեխաներին երբեմն-երբեմն անհատ բարերարներ են օգնում:  

 

Tert.am-ը գրավոր հարցումով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու համար, թե գիշերօթիկ հաստատությունների լուծարումից հետո, ցերեկային խնամքի կենտրոններ որ համայնքներում են գործում, ինչ կազմակերպություններ են շահել մրցույթը:

 

Նախարարությունից տեղեկացրել են, որ այլընտրանքային ծառայությունների ցանցի ձևավորման և ընդլայնման նպատակով 2020-ին գնահատված առկա ռեսուրսների հիման վրա ՀՀ պետական բյուջեում ներառվել են նոր ծրագրեր: Սույն ծրագրերը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու նպատակով նախարարությունն իրականացնում է մրցույթներ:

 

Այսպես՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» մրցույթում հաղթող կազմակերպություններից են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը: Պետության աջակցությամբ այս կազմակերպությունը ցերեկային խնամքի կենտրոններ է բացել 9 համայնքում: Տավուշի Իջևան, Արագածոտնի Թալին, Ապարան, Սյունիքի Սիսիան, Գեղարքունիքի Ճամբարակ, Վարդենիս, Շիրակի Ամասիա, Տավուշի Նոյեմբերյան և Լոռու Ալավերդի համայնքներում: Յուրաքանչյուր կենտրոնի համար նախարարությունը կազմակերպությանը տրամադրել է 9,346,000 դրամ, ինը կենտրոնների համար ստացվում է ավելի քան 84,114,000 դրամ:

 

 

Մրցույթը շահած մյուս կազմակերպություններից են՝ «Լիարժեք կյանք» ՀԿ, որին տրամադրվել է 8,928,000 դրամ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝ 16,496,000 դրամ, «Ձեզ համար» ՀԿ՝ 6,528,000 դրամ, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ՝ 11,558,000 դրամ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ 8,855,000 դրամ, «Երեխաների աջակցություն հիմնադրամ» 14,621,000 դրամ, «Ընտանիք և համայնք» ՀԿ՝ 8,5 մլն դրամ և կրկին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ 8,819,000 դրամ:

 

Այսինքն՝ մրցույթը շահել է 8 կազմակերպություն, որոնք պետության աջակցությամբ ծառայություններ են մատուցում 17 համայնքում:

 

Նախարարությունից Tert.am-ը հետաքրքրվել էր, քանի՞ երեխա է հիմա հաճախում ցերեկային խնամքի կենտրոններ: Այս հարցին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, թե մրցույթը շահած ոչ բոլոր կազմակերպությունների հետ են պայմանագիր կքնել:

 

«Հասարակական կազմակերպությունների մի մասի հետ պայմանագրերն արդեն կնքված են, մյուսներն ընթացքի մեջ: Այն կազմակերպությունները, որոնց հետ կնքվել են պայմանագրերը, իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ, մի մասը տրամադրում է նաև ծառայություններ: Երեխաների հստակ թիվ հնարավոր կլինի ներկայացնել միայն պայմանագրերի կնքումից հետո, գործունեության առաջին ամսական հաշվետվությունների արդյունքներն ամփոփելուց հետո»,- նշված է նախարարության պատասխանում:

 

Ֆինանսավորման վերաբերյալ նախարարությունը տեղեկացնում է, որ

 

կազմակերպությունները ֆինանսավորվում են պայմանագրով նախատեսված ծառայությունները տրամադրելուց հետո՝ ամսական կտրվածքով՝ փաստացի իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հիման վրա և հավելում, որ այս պահի դրությամբ ֆինանսական հատկացում դեռևս չի իրականացվել:

 

 

Ի պատասխան հարցին, թե ցերեկային խնամքի քանի կենտրոն, նախարարությունից նշել են, որ պատվիրակված ծառայություններից բացի՝ մեկական ՀՀ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում, ինչպես նաև՝ 30 համայնքում, պետությունը ունի նաև երեխաների ցերեկային հոգածության 2 կենտրոն (Երևանում և Գյումրիում), երեխայի և ընտանիքի աջակցության 3 կենտրոն (Վանաձորում, Կապանում և Երևանում) և երեխայի աջակցության 1 կենտրոն Երևանում: 2020 թվականի ընթացքում ճգնաժամային աջակցության կենտրոններ կստեղծվեն նաև Գյումրում, Կապանում և Երևանում:

 

Tert.am-ի այն հարցին՝ արդյոք ստուգվել են պայմանները, արդյոք նորմալ գործում են այդ կենտրոնները կամ գործո՞ւմ են առհասարակ, թե ոչ, նախարարության պատասխանում մանրամասներ չկան և նշված է, որ մրցույթին մասնակցած կազմակերպությունները հավաստագրված են: «Մրցույթին մասնակցող բոլոր հասարակական կազմակերպությունները ՀՀ կառավարության սահմանված կարգին համապատասխան հավաստագրված են»:

 

Tert.am-ը ճշտել է, որ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության հետ, որը մրցույթը շահած կազմակերպություններից է, նախարարությունը պայմանագիր արդեն իսկ կնքել է: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը: Tert.am-ին հայտնի է դարձել, որ խնամքի կենտրոնները լիարժեք չեն գործում, ինչը տնօրենը հերքում է:

 

Նա նշեց, որ նմանատիպ ծառայություններ ունեն վեց մարզում՝ 14 կետում, բայց բոլորը չեն պետության կողմից ֆինանսավորվում, այլ ֆինանսավորվում է միայն 9-ը, այն էլ մասնակի: Էդիլյանը տեղեկացրեց, որ պետության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տարվա ընթացքում յուրաքանչյուր կենտրոն պետք է այցելի 180 երեխա:

 

«Տարվա ընթացքում 180 երեխա է նախատեսված, որ պետք է այցելի կենտրոն, յուրաքանչյուր ամիս այդ թիվը կարող է տարբեր լինել: Այս պահի դրությամբ միջինում 35-40 երեխա փետրվարին արդեն օգտվում է մեր կենտրոնների տարբեր ծառայություններից»,- ասաց նա և ընդգծեց՝ ծառայությունները տարբեր են՝ դասապատրաստումից մինչև կյանքի հմտություններ:

 

Հարցին՝ կենտրոններն անհրաժեշտ բոլոր մասնագետներով համալրվա՞ծ են, նա պատասխանեց. «Բոլոր կենտրոններն անհրաժեշտ նվազագույն մասնագետներն ունեն: Մոտ 15 տոկոս դեռ ունենք կադրերի համալրման խնդիր, որոշ կենտրոններում որոշ մասնագետներ չենք կարողացել գտնել: Մարզերում դժվար է լոգոպեդ գտնել, Ամասիայում պարզվեց դա մեծ խնդիր է: Փորձում ենք Գյումրիում գտնել լոգոպեդ, որը կհամաձայնի ամեն օր գնալ Ամասիա: Մարզային փոքր համայնքներում դժվար է նման մասնագետներ գտնել, այդուհանդերձ, մոտ 85 տոկոսը մասնագետների համալրված է, 15 տոկոսը դեռ թափուր են և համալրման պրոցեսում են»:

 

Ինչ վերաբերում է գրասենյակներին, Էդիլյանը նշեց, որ տարբեր մարզերում տարբեր են գրասենյակները: «Մեկը մեկից շատ տարբեր են: Որոշ տեղերում ունենք մեր գրասենյակները, որտեղ էլ իրականացվում են այդ ծառայությունները: Մի քանի կենտրոններ կան, որ նոր ենք նախատեսել տեղափոխվել, հիմա այդ տարածքներից որոշներում վերանորոգման աշխատանքներ են գնում, մի քանի կետերում նոր տարածքներ ենք ստացել ՏԻՄ-երից: Օրինակ՝ Ապարանում մեզ քաղաքապետն է  տարածք հատկացրել, մենք այնտեղ հիմա վերանորոգման աշխատանքներ ենք անում, ներկայումս ծառայությունները «Վորլդ վիժնի» գրասենյակում են մատուցվում»,- ասաց նա:

 

Արագածոտնի մարզի «Վորլդ Վիժն» կազմակերպության ղեկավար Ռոման Հարությունյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ իրենք ծառայություններ սկսել են մատուցել 2020-ի փետրվարից: Արագածոտնում երկու կենտրոն ունի կազմակերպությունը, այս պահի  դրությամբ սպասարկել են 20 երեխայի:

 

Ռոման Հարությունյանը նշեց, որ թե՛ Թալինի, թե՛ Ապարանի կենտրոնները գործում են պետության կողմից հավաստագրված տարածքներում:

 

Այսինքն՝ ստացվում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 31-ին լուծարված գիշերօթիկ դպրոցների փոխարեն կան համայնքներ, որտեղ այլընտրանք չի առաջարկվել: Ցերեկային խնամքի կենտրոններ բացելու համար մրցույթը շահած խոշոր կազմակերպություններից «Վորլդ Վիժն»-ի հետ պետությունն արդեն իսկ ունի կնքած պայմանագիր, և հատկացրել է ավլի քան 84 մլն դրամ, սակայն նրա բացած կենտրոններից ոչ բոլորն են համալրված անհրաժեշտ մասնագետներով: Ակնհայտ է, որ ցերեկային խնամքի կենտրոնների լիարժեք գործարկման համար ամբողջ նախապատրաստական աշխատանքները բավարար չափով արված չեն, որի հետևանքով կենտրոնները հունվարի փոխարեն բացվել են փետրվարին, իսկ ողջ ծավալով ծառայությունները չեն մատուցվում: Բացի այդ, պետության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տարվա ընթացքում յուրաքանչյուր կենտրոն պետք է այցելի 180 երեխա: «Վորլդ Վիժոնի» տնօրենը նշում է, որ միջինում 35-40 երեխա փետրվարից արդեն օգտվում է իրենց կենտրոնների տարբեր ծառայություններից: Հարց է առաջացնում նաև այն հանգամանքը, թե ինչպե՞ս պետք է տարվա ընթացքում 180 երեխա այցելի օրինակ Ամասիայի ցերեկային խնամքի կենտրոն, եթե տվյալ համայնքում այդ թվով շահառու երեխա չկա:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7176.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :