ԵՄ-ն հայտարարում է ուսանողների համար նախատեսված նոր կրթաթոշակների մասին

ԵՄ-ն հայտարարում է ուսանողների համար նախատեսված նոր կրթաթոշակների մասին

Մեկնարկել է կրթաթոշակների տրամադրման նոր մրցույթ՝ նախատեսված Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը եւ Ուկրաինան ներկայացնող 16-17 տարեկան այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորացնել Եվրոպայի եւ Եվրոպական միության վերաբերյալ իրենց գիտելիքները: Հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2020 թվականի մարտի 14-ը:

 

Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, որը վեց երկրներից լավագույն առաջադիմություն ունեցող 35 ուսանողի կաջակցի ձեռք բերել եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ բարձրակարգ, միջազգայնորեն ճանաչված միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմ: Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի ծրագիրն իրականացնում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղակայված «Նոր դպրոցի» կողմից եւ ներառում է երկամյա ուսումնական ծրագիր, որը կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարվանից:

 

Այս եզակի դիպլոմային ծրագիրը միջազգային բակալավրիատի գիտական գերազանցության չափորոշիչները մեկտեղում է եվրոպական դպրոցների համակարգով ոգեշնչված մասնագիտացված դասավանդման հետ: Ընտրված ուսանողները ներկա կգտնվեն բազմալեզու եւ բազմամշակութային միջավայրում անցկացվող դասընթացների՝ Եվրոպայի ու Եվրոպական միության մասին իրենց պատկերացումներն ընդլայնելու եւ եվրոպական լեզուների, գրականության ու պատմության վերաբերյալ իրենց գիտելիքները խորացնելու նպատակով: Ուսանողները մուտք կունենան հարուստ արտադպրոցական ծրագրի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպական միությանն առնչվող հիմնահարցերի վերաբերյալ բարձր մակարդակի գիտաժողովներին: Ավարտելուն պես, ուսանողները կստանան Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային բակալավրի դիպլոմ:

 

Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը ձեւավորվել է ԵՄ-ի ու նրա գործընկեր երկրների կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում եւ Ուկրաինայում երիտասարդների համար կրթական հնարավորությունների ու միջտարածաշրջանային փոխանակումների ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում:

 

Հետաքրքրված ուսանողներն իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչեւ 2020 թվականի մարտի 14-ը, ժամը՝ 12-00-ն (ՀԿԺ +4:00 ժամային գոտիով՝ կեսօրին)՝ www.eapeuropeanschool.eu  կայքէջի միջոցով: Ընտրության գործընթացը կներառի գրավոր տեստեր եւ հարցազրույցներ՝ նախընտրական փուլն անցած թեկնածուների հետ: 2020-2021 ուսումնական տարվա կրթաթոշակառուների ցանկը կհրապարակվի 2020 թվականի մայիսի երկրորդ կեսին:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել + 995 32 225 70 06 հեռախոսահամարով (ֆիքսված):

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5684.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :