Կփակվեն նաեւ Արտենիի, Ծաղկահովիտի եւ Արծվաբերդի ծննդատները

Կփակվեն նաեւ Արտենիի, Ծաղկահովիտի եւ Արծվաբերդի ծննդատները

Առողջապահության նախարարության որոշմամբ կփակվեն նաեւ Արտենիի, Ծաղկահովիտի եւ Արծվաբերդի ծննդատները։

NEWS.am-ի հետ զրույցում Արտենիի առողջության կենտրոնի տնօրեն Վարուժան Հակոբյանը կարծիք հայտնեց, որ պետք է քննարկում ծավալվի, որից հետո որոշվի խննդատների փակման հարցը․  «Մենք խնդիր ունենք որակյալ բուժապահովման հարցում, որը լուրջ մտորումների տեղ է տալիս։ Ես փորձված կազմակերպիչ եմ, բնականաբար ակնկալում եմ, որ տարին տարվա վրա բնակչության բուժապահովումը պետք է լավանա, ավելի որակյալ դառնա։ Մեր ծննդատունը ամենապարզագույն ծննդատունն է, դրա համար էլ քանի որ ծնունդներն ավելի են բարդանում, մենք ունենք ծնունդների նվազեցում, չենք կարող ռիսկի գնալ միայն նրա համար, որ ծնունդների թիվը ծննդատանը շատ լինի։ Ես համաձայն եմ, որ բուժօգնությունը պետք է ավելի որակյալ լինի, ավելի հագեցված կլինիկաներում ծննդօգնությունը կազմակերպվի։ Սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ գյուղական համայնքներում մարդիկ ձգտում են բուժօգնությունը տեղում ստանալ, իրենց հարմար է, նաեւ լուծվում են շատ հարցեր՝ գնալ, գալ, ծախսեր, շատերը սոցիալական անապահով պայմաններում են ապրում։ Այս պարագայում պետք է քննարկումներ անցկացվեն, դրական եւ բացասական կողմերը համադրվեն, որ հասկանանք՝ արդյոք ճիշտ է փակելը։ Եթե պետք է փակվի, կա նաեւ աշխատողների հետագա ճակատագրի հարցը։ Մարդիկ այսօր հացի խնդիր են լուծում։ Այս երրորդ կողմը եւս շատ կարեւոր է»։

Վարուժան Հակոբյանը նշեց՝ նախորդ տարի 27 ծնունդ են ընդունել․  «Ծննդատունը վերջին տարիներին բավականին քիչ ծնունդներ է ընդունել, վերջին տարվա ընթացքում եղել է 27 ծնունդ, նախորդ տարիներին՝ 46, դրանից առաջ 54, ամեն տարի ունենք նվազեցում։ Ծննդաբերությունը մեծ ռիսկեր է պարունակում, իսկ մեզ մոտ համարյա չհագեցված պայմաններ են, իսկ խելացի մարդիկ անգամ փոքր ռիսկի պարագայում տանում են այլ ծննդատուն։ Այս տարիների ընթացքում աշխատակիցների թիվը կրճատվել, այժմ 5 աշխատակիցի խնդիր կա»։

Նա նշեց, որ այս ընթացքում ծննդօգնության ժամանակ որեւէ խնդիր չի եղել։

Ծննդատան փակման մասին պաշտոնապես որեւէ ծանուցագիր չեն ստացել․ «5-6 օր առաջ մեր ներկայացրած հայտը մերժվել է, որը նշանակում է ֆինանսավորման դադարեցում»։

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ լուրերից է տեղեկացել, որ փակվում է համայնքում գործող ծննդատունը․ «Գրություն չենք ստացել, որ չի ֆինանսավորվելու։ Ես էլ, գյուղապետն էլ գրություն ենք ուղարկել, որ ճիշտ է մեր ծնունդները քիչ է, 60 ծնունդ է տարեկան, մենք դա հասկանում ենք, բայց քանի որ մեզ մոտ բնակլիմայական պայմանները շատ խիստ է ձմեռը լինում, խնդրանքով դիմել ենք առողջապահության նախարարին, որ բացառությամբ մեր ծննդատունը թողնեն։ Հիմա տեսնենք, թե ինչ կորոշեն։ Երեւի մինչեւ շաբաթվա վերջ պատասխանը կգա, կհասկանանք»։

Նա ասաց՝ 6 աշխատակից ունեն ծննդատանը․ «Վիրահատող բժիշկ չունենք, տեխնիկական հագեցվածությունն այնպես չէ, որ բարձր մակարդակի է, բայց ծնունդներ ընդունում ենք։ Այս ընթացքում որեւէ խնդիր չի եղել»։

Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ ճիշտ է համարում ծննդատունը փակելու որոշումը․  «Դեռ անցած տարի պետք է փակեին, 1 տարի սպասել են: Ես կողմ եմ փակմանը, դա է ճիշտը։ Անցած տարի 13 ծնունդ է եղել, կարո՞ղ ես 13 ծնունդով ծննդատուն պահել։ Ծննդատունը 5 գյուղ է սպասարկում։ Մարդիկ գնում են Երեւան, ավելի բարձր մակարդակով բուժհաստատություն։ Տեղում խիրուրգիա չկա։ Եղել են դեպքեր, որ տեղափոխել ենք Իջեւան կամ Երեւան»։ Դալլաքյանն ասաց նաեւ, որ  ծննդատան աշխատակիցները դուրս չեն մնալու, տեղափոխել են առողջության կենտրոնի այլ բաժիններ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը որոշել է նաեւ փակել Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի ծննդատները։ Բնակիչները բողոքի ակցիաներ են անում եւ դեմ արտահայտվում այս որոշմանը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4989.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2148 : Ցուցադրված է` 1 - 15 :