«Բարի մամա» ՀԿ-ի հետ մեր մեկ տարվա համագործակցությունը արդյունավետ էր. Զարուհի Բաթոյանն այցելել է «Բարի տնակ»

«Բարի մամա» ՀԿ-ի հետ մեր մեկ տարվա համագործակցությունը արդյունավետ էր. Զարուհի Բաթոյանն այցելել է «Բարի տնակ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոն։

 Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին, քննարկել համագործակցության հեռանկարները։

 «Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը ներկայացրել է կենտրոնի արձանագրած հաջողությունները՝ կարեւորելով առողջական խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաեւ լքված երեխաների եւ կենսաբանական ծնողների վերամիավորմանը նպաստելու՝ կենտրոնի առաքելությունը։

Զարուհի Բաթոյանը կարեւորել է առողջական խնդիրների եւ հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելման վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Բարի մամա» ՀԿ միջեւ կնքված հուշագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ առանձնացրել դրանցից մի քանիսը.

«Այս մեկ տարվա ընթացքում մշակվել է առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմ, ստեղծվել է մանկալքության գծով թեժ գիծ` հատուկ հղիների եւ այն ընտանիքների համար, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք: Երեւանում, Շիրակի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում կազմակերպվել են մի քանի միջոցառումներ եւ իրականացվել է քարոզարշավ՝ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով, վերապատրաստվել եւ համալրվել է «Բարի մամա» ՀԿ արագ արձագանքման խումբը: Բացի այդ, ստեղծվել է առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանց, մշակվել է «Բարի տնակ» ներառական կենտրոն-ապաստարանի, ծննդատների եւ հիվանդանոցների, ինչպես նաեւ այլ ՀԿ-ների եւ հաստատությունների փոխաջակցման մեխանիզմ, մշակվել է հաշմանդամությամբ ծնված երեխաների մայրերի 1-2 շաբաթ տեւողությամբ հոգեբանական աջակցության ծրագիր, կազմակերպվել են աշխատաժողովներ՝ մանկալքության խնդիրները եւ հիմնական պատճառները հասկանալու եւ երեւույթը կանխելու նպատակով եւ այլն»,- ասել է նախարարը եւ տեղեկացրել, որ առաջիկա ամիսներին մանկալքության կանխարգելման եւ ծնողներին երեխայի առողջական խնդիրների մասին տեղեկացնելու նրբությունների թեմայով վերապատրաստվելու են Երեւանի, Շիրակի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը:

Նախարարը ուրախությամբ նշել է, որ այս նպատակներից մի քանիսը իրականություն դարձնելու համար նախաձեռնությանը միացել է նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Նշենք, որ «Բարի տնակը» գործում է որպես թերապիաների կենտրոն եւ ապաստարան՝ առողջական խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ մայրերի համար։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4985.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :