Հատուկ խնդիրներով երեխաների դեպքում հնարավորությունները շատ սուղ են․ Երեւանի թիվ 92 մանկապարտեզի հոգեբան

Հատուկ խնդիրներով երեխաների դեպքում հնարավորությունները շատ սուղ են․ Երեւանի թիվ 92 մանկապարտեզի հոգեբան

Երեւանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաներն ու նրանց ծնողները կանգնել են փաստի առաջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, «Երեւանի քաղաքապետարանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը»

Թեմայով քննարկմանն ասաց երեխաների ծնողներից Ստելլա Միրզոյանը։

«Հունվարի 8-ին, երբ մեր երեխաներին տարանք մանկապարտեզ, տնօրենն ասաց՝ չեք կարող ձեր երեխաներին թողնել մանկապարտեզում, քանի որ չունենք համապատասխան մասնագետներ, որ ձեր երեխաների հետ աշխատեն, իրենք աշխատանքից ազատվել են։ Իսկ մեր հարցին, թե մեր երեխաները կարող են արդյոք այլ խմբերում ներառվել, տնօրենն ասաց՝ մենք տեղ չունենք, գնացեք ուրիշ մանկապարտեզ։ Մենք ծնողներով փաստի առաջ ենք կանգնել, որ տարին սկսել է, մեր երեխաների թե՛ անհատական, թե՛ ներառական ծրագրերն ընդհատվեց, ու չենք կարողանում այս հարցին լուծում գտնել»,-նշեց նա։

Ծնողի խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել, որ խումբը փակվելու է․

«Ես իմ բալիկին հոկտեմբերին եմ բերել մանկապարտեզ, ընդունվելուց ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ քո բալիկը գալու է մինչեւ դեկտեմբերի վերջ։ Եթե իմանայի, ես գուցե մտածեի՝ արդյոք արժե բալիկին հոգեբանական այդպիսի մի խնդրի առաջ կանգնեցնել, 3 ամիս ներառվի մի խմբում, 3 ամիս անց ես մտածեմ իրեն մեկ ուրիշ պարտեզում մեկ ուրիշ խմբում ընդգրկելու մասին»։

Ծնողներից Գոհար Միքայելյանն իր հերթին շեշտեց՝ իրեն էլ չեն տեղեկացրել փակման մասին, ապա հավելեց, որ «մանկապարտեզը միակն է, որ համապատեսխանեցված է ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար»։

Մանկապարտեզի հատուկ խմբի հոգեբան Անի Կարապետյանը ասաց, որ նախապես տեղյակ են եղել, որ հատուկ խումբը հնարավոր է լուծարվի, սակայն հստակ չի եղել, որ հունվարի 8-ին պետք է փակվի․ «Ինչպես հասկացա՝ տնօրենն ինքն էլ տեղյակ չի եղել, որ հունվարի 8-ից պետք է փակվի, քաղաքապետարանից անորոշ են պատասխան տվել։ Մենք ունեցել ենք աշխատանքի ժամանակավոր պայմանագրեր եւ չենք իմացել՝ հունվարի 8-ից մեզ հետ նոր պայմանագրեր կնքվելու են, թե ոչ։ Սա ունիկալ ծրագիր է ներառական կրթության մեջ ներառելու երեխային 30-հոգանց խմբի մեջ, իսկ եթե երեխան պատրաստ չէ որոշակի անհատական աշխատանք է կատարվում, որ երեխան պատրաստ լինի ներառվել այդ խմբում։ Այս պրակտիկան շատ լավ գործել է մանկապարտեզում, այնինչ եթե չլիներ նախաներառական աշխատանքը, այդ երեխաները կարող է հնարավորություն չունենային ներառվել ներառական խմբերում»։

Անի Կարապետյանն ասաց, որ հատուկ խումբ չհաճախելը բացասական ազդեցություն է թողում երեխաների վրա․ «Երեկ պատահաբար երեխաներից մեկին եմ հանդիպել, նկատեցի, որ այս ընթացքը բացասական է ազդել նրա վրա, երեխան իր անվանը չարձագանքեց։ Մենք պիտի աշխատանքը տանենք եղածը աճեցնելու ուղղությամբ, իսկ այս երեխաների դեպքում հնարավորությունները շատ սուղ են»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4964.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :