Երեկոյան Երևան՝ զարդարված ու մատնված անտարբերության

Երեկոյան Երևան՝ զարդարված ու մատնված անտարբերության

Եվրոպայում ուսանելուս ժամանակահատվածում մեր՝ ուսանողներիս ամենասիրելի զբաղմունքը երեկոյան Սոֆիայի կենտրոնով քայլելն էր, որտեղ գտնվում էր քաղաքի հուշարձանների մեծ մասը: Դա նաև զբոսաշրջիկների սիրելի զբաղմունքն էր, որոնք տուրիստական ծեծված ուղիներով քայլելուց հետո մեծագույն հաճույքով ճեմում էին երեկոյան քաղաքով:

Անտեղի չէ նշել, որ ոչ վաղ անցյալում նոր թրենդ է ձևավորվել տուրիզմի ոլորտում, որը կոչվում է գիշերային տուրիզմ, երբ ստեղծվում են պայմաններ որևէ քաղաք, հուշարձան կամ կոթող դիտելու՝ երեկոյան լուսավորությամբ: Պարզապես հրաշալի է տեսնել Կոլիզեումը կամ Էյֆելյան աշտարակը երեկոյան լուսային կոմպոզիցիայի ներքո:

Պակաս հրաշալի չէ նաև այնքան երգված երեկոյան Երևանը, որը ևս զարդարված է տարբեր հուշարձաններով. զարդարված ու մատնված անտարբերության:

Այդ անտարբերության ականատեսը եղա բոլորովին վերջերս, երբ Վրաստանից ժամանած ընկերներիս խնդրանքով փորձեցի, որպես զբոսավար, ցույց տալ նրանց գիշերային Երևանը, հատկապես` Երևանի հուշարձանները: Արդյունքը մեծ հիասթափությունն էր, որ զգացին հյուրերը, ու ամոթը, որ զգացի ես, ինչն ուղղակի հետևանքն էր մայրաքաղաքի քաղաքապետարանի «կատարած աշխատանքների»: Առօրյա աշխատանքային վազվզոցի մեջ ոչ ոք չի նկատում այն, ինչը չի վրիպում Երևան այցելած և ոչ մի տուրիստի աչքից` այն, որ մեր հուշարձանների մի ստվար մասը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են, չունեն գիշերային լուսավորություն, չխնամված են, չմաքրված, երբեմն նաև` կիսավեր: Այս ամենի պերճանքն ու թշվառությունն իր գագաթնակետին է հասնում, երբ, ուսումնասիրելով Երևան քաղաքի այս տարվա բյուջեն, տեսնում ենք, որ հուշարձանների պահպանությանը հատկացվող միջոցները կրճատվել են 86 տոկոսով:

Իսկ թե արդյունքում ինչի ֆինանսավորումն է ավելացել, գուշակելու կարիք երևի չկա՝ պարգևատրումներ, խրախուսումներ՝ 163 տոկոսով, արտաքին գործուղումներ՝ 80 տոկոսով, և այլն:

Աջ ու ձախ Երևանը տուրիստական խոշոր հանգրվան դարձնելու խոստումներ տվող ներկայիս քաղաքային իշխանությունները չեն պատկերացնում, որ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների աչքից չեն կարող վրիպել այդպիսի «մանրուքները» ՝ իրենց բոլոր հետևանքներով:

Այսքանից հետո առաջանում է մեկ, թերևս հռետորական հարց՝ իսկ ինչպե՞ս եք պատրաստվում զարգացնել տուրիզմը մայրաքաղաքում՝ տեղի-անտեղի գոռալով, որ Երևանը Հռոմից հի՞ն է:

Լրջացե՛ք պարոնայք, ԼՐՋԱՑԵ՛Ք:

Տիգրան Չանդոյան

Աղբյուրը՝ Yerkir.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4521.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :