« «ԿԱՄՔ»-ը որևէ հայհոյող կնոջ հետ կապ չունի»․ Վահագն Չախալյան

« «ԿԱՄՔ»-ը որևէ հայհոյող կնոջ հետ կապ չունի»․ Վահագն Չախալյան

Հուլիսի 23-ին ֆեյսբուքի օգտատեր Սիրանուշ Մանուչարյանն իր էջում գրել էր, թե՝ Հյուսիսային պողոտայում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականացնող երկու կին, իմանալով, որ ինքը չի պատրաստվում ստորագրել, նրան «սորոսական ծախված պոռնիկ» են անվանել։

Ինչպես հայտնի է, ստորագրահավաքն իրականացնում են Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներն ու նրանց համակիրները։

Գրառման իսկությունը ճշտելու նպատակով՝ Ջավախք Ինֆոն կապ հաստատեց նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանի հետ․

«Նման բան հայտարարողները գոնե հասկանու՞մ են՝ ինչ են ասում, ինչպե՞ս կարող է <<ԿԱՄՔ>>-ի անդամ կինը հայհոյել։ Դա սուտ է, դա զրպարտանք է, մենք կապ չունենք որևէ հայհոյող, անվայել բառապաշար ունեցող կնոջ հետ։ Մեզ վրա ցեխ նետելու այլ, ավելի ցածրակարգ տարբերակ չե՞ն գտել»-ասաց Վ․ Չախալյանը։

Անդրադառնալով «ԿԱՄՔ»-ի դեմ ուղղված տեղեկատվական գրոհներին՝ Չախալյանն ասաց․

«Տպավորություն ունեմ, որ հատուկ մարդիկ իրենց երևակայական ողջ ներուժն օգտագործում են «ԿԱՄՔ»-ի անունն արատավորելու համար։ Անկեղծ, ես չեմ հասկանում դրա իմաստը, մենք պայքարում ենք հանուն մեր ազգային արժեքների, և, եթե որևէ մեկը դուրս է գալիս մեր դեմ, ես չեմ կարող չմտածել, որ նա մեր ազգի թշնամին չէ»։

Մեր հարցին, թե արդյոք ինքը ճանաչում է այդ գրառման հեղինակին, Չախալյանը պատասխանեց․

«Բարեբախտաբար՝ ոչ, և ապագայում էլ չեմ ուզում ճանաչել այդ տեսակ մարդկանց։ Փառք Աստծուն, ես ինձ միշտ լավ մարդկանցով եմ շրջապատում»։

Կարճ հասցե: javakhq.info/u/4511.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :