Հայաստանի ժողովրդագրական անվտանգության մարտահրավերները

Հայաստանի ժողովրդագրական անվտանգության մարտահրավերները

Ժողովրդագրական անվտանգությունը պետության «փափուկ», ոչ ռազմական անվտանգության այն բացառիկ բաղադրատարրերից է, որոնք ուղղակիորեն կամ միջնորդված ազդում են անվտանգության ողջ համակարգի վրա: Ժողովրդագրությունը համարվում է նաև «նոր տիպի» պատերազմների հիմնական «զենքերից» մեկը (ժողովրդագրական էքսպանսիա), որի ակունքներն իրականում շատ հին են:

Այն անվտանգության չափազանց կարևոր գործոն է օտարազգիների ներգաղթի մեծ հոսք ունեցող (արևմտաեվրոպական երկրների մեծ մասը), բազմաէթնիկ (Ռուսաստան, Հնդկաստան), ժողովրդագրական աճի բարձր ցուցանիշներ և «ոչ բարեկամական» տրամադրություններ ունեցող հարևաններով շրջապատված երկրների (Իսրայել, Հայաստան) համար:

«Ժողովրդագրական վտանգի» կամ, իսրայելական բնորոշմամբ, «ժողովրդագրական ռումբի» գործոնն արդեն տվել է իր պտուղները և մի շարք երկրների անվտանգության կարևորագույն սպառնալիքներից մեկն է: Օրինակ` այսօր եվրոպական շատ պահպանողականներ մահմեդական երկրներից մեծ ներգաղթը համարում են ողջ Եվրոպայի և, մասնավորապես, Ֆրանսիայի համար ժողովրդագրական սպառնալիք` հիմք ընդունելով ներգաղթողների շրջանում ծնելիության բարձր ցուցանիշները` տեղաբնակների ցածր ցուցանիշների համատեքստում: Հնդկաստանի հինդու բնակչությունն այդպիսի սպառնալիք տեսնում է երկրի մահմեդական բնակչության աճի տեմպերի և հարևան Բանգլադեշից շարունակվող ներգաղթի խնդրի մեջ: XX դարի ընթացքում Հյուսիսային Իռլանդիայում նման մտահոգություններ ունեին տեղաբնակ բողոքականները` կաթոլիկների առնչությամբ: Քրիստոնյա սերբ բնակչության նկատմամբ ժողովրդագրական առավելությունների և էթնիկ զտումների շնորհիվ, Կոսովոյի մահմեդական ալբանական բնակչությունը հայտարարեց իր ինքնիշխանությունը, որն արդեն ճանաչել են բազմաթիվ արևմտյան երկրներ:

Իսրայելն, իր հերթին, շրջապատված լինելով ժողովրդագրական աճի բարձր տեմպեր ունեցող և իր նկատմամբ ագրեսիվ տրամադրված մահմեդական երկրներով, հստակ գիտակցում է իր ազդեցության տակ գտնվող տարածքներում հրեա բնակչության քանակական և որակական աճի նշանակությունը պետության անվտանգության համար և վարում բավական արդյունավետ ժողովրդագրական քաղաքականություն:

Հայաստանյան իրականությունը բոլորովին այլ է, թեպետ գրեթե նույնն են մարտահրավերները: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն սոցիալ-տնտեսական կարողություններն են, այլև ազգային գաղափարախոսությունը և ազգային քաղաքականությունը:

Հայաստանի ժողովրդագրական անվտանգության ներկա վիճակը բնութագրելու համար հարկ է առանձնացնել մի շարք հիմնական չափորոշիչներ. բնակչության ընդհանուր թվաքանակը և աճի տեմպերը, ծնելիության և մահացության մակարդակները, ներգաղթի և արտագաղթի, բնակչության մեջ տարիքային, սեռային և էթնոմշակութային խմբերի հարաբերակցությունները: Այդ տվյալները դիտարկենք ոչ միայն դրանց փոփոխման միտումներով, այլ համեմատելով մեր անմիջական հարևանների` Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի համանման ցուցանիշների հետ: Որպես հիմք ընդունենք ոչ թե Հայաստանի և այդ երկրների պաշտոնական հրապարակումները, այլ ՄԱԿ-ի և մասամբ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տվյալները:

Ահա այդ տվյալները ցույց են տալիս, որ այս պահին Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը «սարսափելի» վիճակում չէ, ինչպես պնդում են շատ փորձագետներ: Սակայն, կան որոշ լուրջ խնդիրներ, որոնք ներկայիս միտումների պահպանման դեպքում ապագայում կարող են անվտանգության լուրջ սպառնալիքներ ստեղծել, որոնց չեզոքացումն այդ ժամանակ չափազանց դժվար կլինի:

Այսպես, ըստ ԿՀՎ-ի «World Factbook»-ի 2009 թ. հունվարի հրապարակման` բնակչության թվով ամենափոքրը, բնականաբար, Հայաստանն է` 2.967.004, ամենամեծը` Թուրքիան` 76.805.524: Ծնելիության մակարդակով 1000 մարդու հաշվարկով ամենացածր ցուցանիշն ունի Վրաստանը` 10.66, ամենաբարձրը` Թուրքիան` 18.66, իսկ Հայաստանը` 12.65: Մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի Վրաստանը` 9.65, ամենացածրը` Իրանը, 5.72, իսկ Հայաստանը` 8.39: Մանկական մահացության ցուցանիշով առաջին տեղում է Ադրբեջանը` 54.6, վերջին տեղում` Վրաստանը` 16.22, իսկ Հայաստանը չորրորդ տեղում է` 20.21:

Հարկ է նշել, որ մահացությունը բնական և ոչ բնական պատճառներ ունի: Բնականը մարդու կենսաբանական տարիքն է: Ոչ բնական պատճառներից հարկ է հիշատակել հիվանդությունները, թերսնումը, պատերազմները կամ սպանությունները, տեխնածին և այլ աղետները: Կա նաև մի կարևոր օրինաչափություն. զարգացած երկրներում, որտեղ սոցիալական ապահովության զարգացած համակարգ կա, ներառյալ` մատչելի և որակյալ բուժօգնությունը, բարձր կենսաթոշակը, մահացության ցուցանիշը բավական ցածր է: Փոխարենը բարձր է կյանքի միջին տևողությունը: Իսկ այդ չափմամբ մեր տարածաշրջանում առաջին տեղում Վրաստանն է` 76.72, վերջին տեղում` Ադրբեջանը` 66.66, Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` 72.68: Բնական աճի ցուցանիշն ամենացածրը Հայաստանում է` 0.03%, ամենաբարձրը` Թուրքիայում` 1.31%:

Հայաստանն իր հարևաններին զիջում է նաև վերարտադրողականության ցուցանիշով` 1.36, որի ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է Թուրքիան` 2.21: Ներգաղթի և արտագաղթի  հարաբերակցությամբ ևս Հայաստանի վիճակն ամենավատն է` -4.56, իսկ լավագույն ցուցանիշը Թուրքիայում է` 0.56:

Հետաքրքրական է նաև բնակչության կառուցվածքում տարիքային, սեռային և էթնոմշակութային խմբերի հարաբերակցությունը: Երեխաների թվաքանակով առաջին տեղում Թուրքիան է`27.2%, վերջինը` Վրաստանը` 16.1%, իսկ Հայաստանը չորրորդ տեղում է` 18.2%: 18-64 տարեկանների թվով առաջին տեղում է Իրանը` 72.9%, որին հաջորդում է Հայաստանը` 71.1%, իսկ վերջին տեղում Թուրքիան է` 66.7%: 65 և ավելի տարեկանների թվաքանակով առաջին տեղում է Վրաստանը` 16.4%, որին հաջորդում է Հայաստանը` 10.6%, իսկ վերջին տեղում Իրանն է` 5.4%: Միջին տարիքն ամենաբարձրը Վրաստանում է` 38.6, ամենացածրը` Իրանում, Հայաստանի ցուցանիշը 31.5 է:

Տիտղոսակիր ազգաբնակչության (միաէթնիկականության սկզբունքով) գերակշռությամբ առաջին տեղում Հայաստանն է` 97.9%, վերջին տեղում` Իրանը` 51%: Կրոնադավանաբանական միատարրությամբ առաջին տեղում Թուրքիան է` 99.8% մահմեդականներ, վերջին տեղում` Վրաստանը` 83.9% վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ, իսկ Հայաստանի բնակչության 94.7%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են: Գրագիտության մակարդակով առաջին տեղում Վրաստանն է` 100%, վերջինը` Իրանը` 77%, իսկ Հայաստանի ցուցանիշը երկրորդն է` 99.4%:

ՄԱԿ-ի միջինացված հաշվարկներով, մինչև 2025 թ. Հայաստանում բնակչության ընդհանուր թվաքանակի աճ կգրանցվի` կազմելով 3.181.000 մարդ, ապա կսկսվի թվաքանակի անկում` 2050 թ. կազմելով 3.018.000 մարդ: Հետաքրքրական է, որ այդ տվյալներով, Հայաստանի բնակչության թիվը 2010 թ. կկազմի 3.090.000, փաստորեն ավելի, քան նշված է ԱՄՆ ԿՀՎ-ի տեղեկագրում և մի փոքր պակաս, քան ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներն են:

Բնակչության աճը մեր երկրում կանգ է առնելու 2010 -15 թթ.` 0.32%, ապա սկսելու է անկումը` 2050 թ. կազմելով -0.39%: Այդ բացասական միտումը գրանցվելու է սևծովյան-կասպյան տարածաշրջանի բոլոր երկրներում: Ամենաբարձր ցուցանիշը կունենա Թուրքիան, որը բացասական ցուցանիշ չի գրանցի` 0.20: Դրական ցուցանիշ կպահպանի նաև Իրանը` 0.16: Ամենացածր աճ (բացասական ցուցանիշով) կունենա Վրաստանը` -0.84%:

Հայաստանում այդ անկման հիմնական պատճառներից է լինելու ծնելիության կրճատումը` ներկայիս 12.65%-ից 2050 թ. հասնելով 10.7%-ի` գերազանցելով միայն Վրաստանի ցուցանիշը` 9.9%: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը կունենա Թուրքիան` 11.7%: Հայաստանում գրանցվելու է նաև մահացության աճ` ներկայիս 8.39-ից 2050 թ. հասնելով 12-ի` այդ ցուցանիշով զիջելով միայն Վրաստանին` 15.3: Մահացության ամենացածր ցուցանիշ կգրանցի Իրանը` 9.3:

Բացասական միտումներից է նաև բնակչության ծերացումը. միջին տարիքը Հայաստանում ներկայիս 31.5-ից 2050 թ. կհասնի 43-ի, իսկ 65 և ավելի տարեկանների տեսակարար կշիռը բնակչության տարիքային կառուցվածքում ներկայիս 10.6%-ից 2050 թ. կհասնի 14%-ի` զիջելով միայն Վրաստանին` 15.7%: Դժվար չէ կռահել, թե այս ցուցանիշներն իրական կյանքում ինչպիսի անդրադարձ կունենան երկրի տնտեսական զարգացման ներուժի և ռազմական անվտանգության ապահովման վրա:

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների դրական տեղաշարժերից հարկ է նշել մանկական մահացության նվազումը` ներկայիս 20.21%-ից 2050 թ. հասնելով 10.9%-ի (ամենացածր ցուցանիշն Իրանինն է` 9.6%, ամենաբարձրը` Ադրբեջանինը` 21.7%), և կյանքի տևողության աճը` ներկայիս 72.68-ից 2050 թ. հասնելով 79.9-ի (առաջին տեղը տարածաշրջանում): Դրական պետք է համարել նաև բնակչության սեռային կառուցվածքում կանանց և տղամարդկանց թվի հավասարեցման միտումը` ներկայիս 87.3%-ից 2050 թ. հասնելով 90.7%-ի, ինչը նկատվում է նաև մյուս երկրներում:

Այսինքն` անգամ այս դրական տեղաշարժերը չեն ապահովում Հայաստանի ժողովրդագրական լիարժեք առավելություն հարևանների նկատամբ (թերևս որոշ ցուցանիշներով մեզ կզիջի միայն Վրաստանը): Սա նշանակում է, որ անգամ հարևանների հետ համեմատությամբ «բարվոք» ցուցանիշները հատուկ ուշադրության կարիք ունեն, և ապագայում դրանք պահպանելու համար էլ հարկ է ձեռնարկել մի շարք միջոցներ: Ավելին, քանի որ նշված հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են, դրանց լուծումները նույնպես պետք է փոխկապակցված լինեն:

Ընդ որում, լուծումները պետք է իրականացվեն ոչ թե հերթականությամբ, այլ միաժամանակ, այլապես դրանք ցանկալի արդյունք չեն տա: Եվ ամենակարևորը` լուծումները չի կարելի փնտրել միայն սոցիալ-տնտեսական ոլորտում: Ինչպես ցույց են տալիս համաշխարհային զարգացումները, անգամ ամենազարգացած երկրներում, որտեղ կենսամակարդակը բարձր է, նկատվում է ծնելիության անկում: Սակայն, այդ երկրներում ժողովրդագրական խնդիրներն այլ կառուցվածք ունեն. այդ երկրների բնակչության թիվը չի նվազում, այլ աճում է, բայց ի հաշիվ ներգաղթողների: Մինչդեռ, տիտղոսակիր բնակչության շրջանում, չնայած բարեկեցության բարձր մակարդակին, նկատվում է ծնելիության անկում:

Այստեղ հիմնական խնդիրը, մի կողմից, ընտանիք կազմելու, երեխա ծնելու և դաստիարակելու, իսկ մյուս կողմից` անհատական կարիերայի աճի անհամատեղելիության մասին պատկերացումներն են: Եվ այս առումով, Հայաստանի համար ժողովրդագրական զարգացման մոդել կարող են ծառայել ոչ թե արևմտյան զարգացած երկրները, այլ ոչ պակաս, իսկ որոշ երկրների համեմատությամբ` առավել զարգացած Իսրայելը: Մինչդեռ սոցիալ-տնտեսական և քաղաքական ժողովրդավարության զարգացման առումով, մեզ համար ուղենիշ կարող է ծառայել մեր անմիջական հարևան Վրաստանը, որը տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 26-րդ, բիզնեսի մատչելիության ցուցանիշով` 11-րդ, իսկ հարկային բեռի թեթևության ցուցանիշով` 6-րդ տեղը:

Այսպիսով, եթե կոնկրետացնենք Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ապա պետք է չեզոքացվեն բնակչության թվաքանակի կրճատման հիմնական պատճառները` արտագաղթը, ծնելիության նվազումը և մահացության աճը:

Ծնելիության խթանման համար կարելի է օգտագործել զարգացած երկրների փորձը` ծնված երեխաների թվին համապատասխան սոցիալական, ֆինանսական պետական և բարեգործական աջակցության մեթոդներ` միանվագ նպաստ, ամենամյա նպաստ, համայնքային հարկավճարների նվազեցում, աջակցություն բնակարանային պայմանների բարելավման հարցում: Պետք է էլ ավելի ուժեղացվի և մատչելի դարձվի մոր և մանկան խնամքը` բժշկական հաստատություններում: Պետք է ապահովվի որակյալ և մատչելի բուժծառայություն բոլորի համար: Այս հարցերում հարկ է անողոք և հրապարակային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ: Սոցիալ-աշխատանքային պայմանների բարելավման միջոցներ պետք է դառնան աշխատատեղերի, նվազագույն աշխատավարձի ավելացումը, աշխատաշուկայի և դրա զարգացման միտումների ուսումնասիրությունը և պահանջվող մասնագիտությունների հստակեցումը, այդ մասնագիտությունների գծով կրթության խրախուսումը, երիտասարդներին և հղիներին աշխատանքի ընդունող գործատուների նկատմամբ հարկային մեղմ քաղաքականության իրականացումը, երիտասարդական քաղաքականության պաշտոնականացումը և սոցիալական նպատակային ծրագրերի իրագործումը, Երևանի և մարզերի միջև կենսամակարդակային տարբերությունների հարթումը, ուրբանիզացիայի մակարդակի իջեցումը: Ըստ որում, բոլոր սոցիալ-տնտեսական միջոցառումների գնահատման հիմնական չափորոշիչ պետք է լինի ոչ թե ինքնին կենսամակարդակի աճը, այլ դրա ազդեցությունը ժողովրդագրական տվյալների վրա:

Չափազանց մեծ նշանակություն ունի նաև ավանդական արժեքների «վերակենդանացումը». ամուսնությունը, բազմանդամ ընտանիքը, մայրը, երեխան վերստին պետք է դառնան սոցիալական բարձր արժեքներ, որոնց պետք է ձգտեն բոլոր երիտասարդները:

Հասկանալի է, որ վերը նշված միջոցները ծանր, իսկ որոշ դեպքերում անիրական բեռ կդառնան պետության համար: Բայց պետք է հստակ գիտակցել, որ վերը նշված հիմնախնդիրների մի մասի լուծումն անհրաժեշտ էր սկսել դեռ երեկ, և այդ բոլոր հիմնախնդիրները վաղը կարող են դառնալ Հայաստանի ժողովրդագրական աղետի, ազգային մրցունակության անկման, իսկ փոքր-ինչ հեռու ապագայում` ազգի գենոֆոնդի կորստի պատճառ: Հետևաբար, պետք է գտնել լուծումներ նաև անլուծելի համարվող խնդիրների համար:

Նարեկ Ս. ԳԱԼՍՏՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու

Կարճ հասցե: javakhq.info/u/4472.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :