Սևանա լճի էկոլոգիական վտանգները

Սևանա լճի էկոլոգիական վտանգները

Լճի մակարդակի իջեցման պատճառով փոխվել է ջրի որակը։ Դրա պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները։ Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ։ Հանքային ֆոսֆորի մեծ քանակությանը փոխարինում է ազոտը։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը 12 մետրից դարձել է 4.5 մ, որը հետևանք է Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալման։ Լճի մակարդակի անկման և էկոլոգիական համակարգի քայքայման այլ հետևանքներ են՝


  • Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացում։ Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա։ Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռային բախտակը և բոջակը, անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության։ Սևանի էնդեմիկ տեսակներից՝ կողակի և բեղլուի վիճակը նույնպես բարենպաստ չէ։ Խեցգետնինը և կարասը, որ ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին, նույնպես նվազում են։
  • Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը։
  • Մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով։
  • Բարակել է լճի շերտի հաստությունը։ Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը։ Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը
  • Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ։ Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է։
  • Ցամաքել են շատ աղբյուրներ

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5 մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1.5 մ։ 1905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ՝ ջրի տակ անցնելու համար։ Ներկայումս լճի մակարդակը 1900, 49 մ է։ ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սևանը ցանկալի նիշին կհասնի 2031 թվականին։

2008 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվում է Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը, որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը։ Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները։ Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասցնել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է)։ Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր՝ լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը՝ առկա է հսկայական քանակության բուսազանգված, հատկապես անտառ և շինություններ։ Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի։ Գեղարքունիքի մարզի տարածքում 1978 թվականին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները՝ արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն։

Ջրածածկման (ողողման) ենթակա տարածքների հիմնախնդիրներ

Լճի մակարդակի բարձրացումը (ջրածածկման և ողողման) անխուսափելիորեն կառաջացնի նոր խնդիրներ, եթե նախօրոք չձեռնարկվեն որոշակի միջոցառումներ` ուղղված ջրասուզվող տարածքների համապատասխան հիմնահարցերի լուծմանը: Ջրածածկման և ողողման ենթակա ափամերձ տարածքները կազմում են մոտ 6334 հա:

ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվում են լճի` օրենսդրությամբ սահմանված մակարդակին հասնելու միջոցառումները, դրա բարձրացման հետ կապված հիմնահարցերը և առաջարկություններ մշակվում վերջիններիս լուծման ուղղությամբ:

Ջրի բարձրացման հետ կապված` ափամերձ տարածքների նախապատրաստման հիմնախնդիրները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի։

Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրում

Այն ենթադրում է ջրածածկվող տարածքների մաքրում ծառերից, կոճղերից, բուսականությունից, ինչպես նաև հողի շերտից: Ազատված տարածքները պետք է ամրացվեն խոշոր ավազե կամ մանր գլանաքարի շերտով: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված` ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրների կատարման շրջանակներում, ջրի տակ մնացող անտառածածկ տարածքներում իրականացվում են ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, մաքրման ենթակա բուսածածկ տարածքների չափը կազմում է շուրջ 2843.7 հա, իսկ հեռացման ենթակա անտառանյութի ծավալը` 110005 խոր. մ: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականցվելիք ծրագրերի շրջանակներում նախատեսվում է շարունակել Սևանա լճի շրջակայքի ջրածածկվող անտառային տարածքների մաքման, ինչպես նաև գույքագրման և քարտեզագրման աշխատանքները:

Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրում

Սևանա լճի ափին 1990-ական թթ.-ից մինչև այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ: Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0 մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ (ալիքի ազդեցության գոտի): Խնդիրը պետք է լուծվի դասակարգված, ցուցաբերելով տարբեր մոտեցումներ հիմնական, ժամանակավոր, օրինական և ինքնակամ կառույցների նկատմամբ:

 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4435.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :