76 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեներալ մայոր Ֆելիքս Գզողյանը

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեներալ մայոր Ֆելիքս Գզողյանը

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ 
1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։
1988թ. զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է 
կամավորական ջոկատում և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Մասնակցել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրմանը։
1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն ունեցավ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվեց Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվեց ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։
1992թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարևելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։

Ահա մի հատված Սեյրան Օհանյանի գրքից.

«1994թ. հունվարի վերջին օրը… Օմարի ուղղությունում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվեց ազատագրել կարևոր նշանակության մի շարք բարձունքներ՝ էապես բարելավելով դիրքային իրավիճակը։ Այստեղ հակառակորդի խոշոր խմբավորումը հայտնվեց կիսաշրջապատված վիճակում, և հայկական ուժերի վերադասավորման ու զորքերի երեք՝ Ֆելիքս Գզողյանի, Յուրի Խաչատուրովի և Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գործող խմբավորումների ստեղծման արդյունքում շուտով սկսվեց թշնամու քելբաջարյան խոշոր զորախմբի լիակատար ջախջախման գործողությունը»։

1995-ին Ռ. (Ֆ.) Գզողյանը նշանակվել է Տավուշում տեղակայված զորամասի հրամանատար, 1997-ին՝ մեկ այլ զորամասի հրամանատար, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ, որպես հատուկ գործերով շտաբի պետի տեղակալ։ 1998թ. նշանակվել է նորաստեղծ 5-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, 2000-2006 թթ.՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր։ 2002թ. ստացել է գեներալ-մայորի կոչում։ 
Ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովում։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով ու «Շուշիի ազատագրման համար» մեդալով, ինչպես նաև խորհրդային ու հայկական բանակի բազմաթիվ պետական պարգևներով։

Կարճ հասցե: javakhq.info/u/4431.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :