Սևանա լճի պահպանմանն ուղղված միջոցառումներն անցյալ դարում

Սևանա լճի պահպանմանն ուղղված միջոցառումներն անցյալ դարում
Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներին, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները։
Սկզբում հիմնախնդիրը քննարկվում էր՝ սոսկ ոռոգչական հնարավորություններից ելնելով, առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը։ 1910 թվականից, նոր հետազոտությունների արդյունքում, հիմնավորվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով։ Սևանա լճի պահպանությունը լոկ գյուղատնտեսական-ոռոգչականից վերածվեց համալիր ժողովրդատնտեսականի։
1920-ական թվականների ընթացքում ԽՍՀՄ ԳԱ բազմաճյուղ արշավախմբային հետազոտությունների արդյունքում մշակվեց լճի օգտագործման տեխնիկական նախագիծը, որը հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիր» անունով։
Նախատեսվում էր այն իրականացնել 2 փուլով։ Առաջին փուլում (տևելու էր 50 տարի) ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը (տարեկան ջրթողքը՝ 1200 միլիոն մ³)։ Լճի մակարդակն իջնելու էր 50 մ-ով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին)։
Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում էր լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռ՝ տարեկան 700 միլիոն մ³ արտահոսքով։
Ավարտվելու էր Հրազդան գետի վրա էլեկտրակայանների կասկադի և գետից սկիզբ առնող ոռոգիչ մայր ջրանցքների կառուցումը։ Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին առնվազն 100 հզ. հա-ով, հանրապետությունը ստանալու էր տարեկան ավելի քան 2 միլիարդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Այդ ամենով հանդերձ, ուրվագծվում էին բնական միջավայրի համար սխեմայի իրականացման հնարավոր բացասական հետևանքները։ Լճի բնական ռեժիմի էական փոփոխությունը հանգեցրել էր լճի և նրա ջրհավաք ավազանի հազարամյակներով հաստատված ֆիզիկաաշխարհագրական երևույթների՝ էկոլոգիական հավասարակշռության լուրջ խախտման։
Հիմնախնդրի խոր և բազմակողմանի հետազոտության համար ստեղծվեց հատուկ, մշտապես գործող Անդրկովկասյան արշավախումբ՝ երկրաբան ակադեմիկոս Ֆ. Յու. Լևինգսոն-Լեսինգի ղեկավարությամբ, որը հարուստ նյութ տվեց կլիմայի, ջրաբանության, ջրային հաշվեկշռի, մակերևույթի ձևաչափության, լճի հատակային հողագրունտների, ավազանի հողային ու բուսական ծածկույթի, լճի մակարդակի իջեցման հետևանքով բնական միջավայրի հնարավոր փոփոխությունների մասին։
1962 թվականին ավարտվեց Հրազդանի ջրէկների կասկադի շինարարությունը։ Երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պակասը լրացվելու էր նոր կառուցվող ջէկերի միջոցով։ Հատուկ կարևորություն տրվեց Հայաստանը Անդրկովկասյան միասնական էներգահամակարգին միացնելուն։
Լճի էկոլոգիական վիճակը վատթարանում էր ավելի արագ, քան ենթադրվում էր։ Լիճը մոտ 10 տարվա ընթացքում զրկվել էր ջրի պաշարների 40%-ից, առավելագույն խորությունը չէր անցնում 80 մ-ից (նախկինում 99 մ էր)։ Ջրի շերտի նվազման բացասական հետևանքներն ակնառու են հատկապես Մեծ Սևանում:
Իրադրությունը պահանջում էր վերանայել հիմնախնդրի բովանդակությունը, գտնել նոր լուծումներ և «թեթևացնել Սևանի հոգսը»:
Լիճը փրկելու համար 1970-ական թվականներին որոշվեց դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը։ Նոր համալիր հետազոտություններով պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բարձրության վրա․ հայելու մակերեսը կպակասեր 190 կմ²-ով, ջրի ծավալը՝ 26.5 միլիարդ մ³-ով։
Դա նշանակում էր, որ Սևանն առաջին սխեմայով նախատեսված 700 միլիոն մ³-ի փոխարեն կկարողանար տալ ընդամենը 170 միլիոն մ³ ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատարածությունների ոռոգումը։
Կարճ հասցե: javakhq.info/u/4429.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :