ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԳՈՐԻՍ․ «Ազգ»

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԳՈՐԻՍ․ «Ազգ»

«Գորիս մտնելուն պես մեր արձակի պոետիՙ Ակսել Բակունցի «Կյորես» անավարտ վեպի բնաբանը հիշեցի: Նա դեռ մեկ դար առաջ է սիրել իր Կյորեսը, մեկ դար առաջ է օտար լեզվով գոչել. «Օ՜, բարքեր, օ՜, ժամանակներ»: Կնուտ Համսունի Պանին իր սրտի մեջ առաջ բնապաշտ գրողը բնօրրանի ամեն թուփ ու ծառին, ամեն ծիլ ու ծաղկին, յուրաքանչյուր կյորիսեցուն սիրահարված էլ հեռացավ այս աշխարհից: Գորիսի անտառ մտեք. ձեզ կթվա համսունյան կերպարանքով Պան-Բակունցի ստվերն է շրջում այնտեղ: Բակունցյան հայացքով նայեք Գորիսին. դուք էլ կսիրահարվեք, ձեր հոգին էլ անմեկնելի սիրով ու հմայքով կլցվի: Բակունցյան հերոսներին փնտրեք Գորիսի փողոցներում ու տներում. կգտնեք: Անցած մեկ դարը նրանց հագուկապի, բարքերի, կենցաղավարության մեջ հսկայական փոփոխություն է դրոշմել, բայց գորիսեցու բարբառը նույնն է, գորիսեցու կեցվածքում, անգամ հայացքում իր հողին կառչած զանգեզուրցու համառություն կա:

Ավտոմեքենան անվարժ անցնում է, ավելի ճիշտՙ քերում է Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Շոգից հին ասֆալտի կտորները խաղում են անվադողերի տակ, իսկ չկարկատած հատվածներում մանր ու խոշոր քարերը դուրս են պրծնում ու աջուձախ հարվածում: Ճամփեզրերին ծաղկած մասրենիներն ամեն անցնող մեքենայի արտազատած փոշախառն քամուց անտրտունջ ճոճվում ենՙ վարդագույն ծաղկաթերթերի փնջերն օդում բաց թողնելով:

Ավտոմեքենան կանգ առավ Որոտան գյուղի փողոցներից մեկում: Երկհարկանի շենք էՙ ճաքճքած, անհրապույր պատերով. կիսաջարդ ապակիներով պատուհաններից մի քանի գլուխ է կախ ընկել: Կեսօրվա շոգից ամենահետաքրքրասեր աչքերն անգամ խուփ են եղել: Շքամուտքը մութ է. խոնավության հոտը դեմքիդ է խփում: Երկրորդ հարկից մանկահասակ երեխայի թունդ լացի ձայնն առաջին իսկ ելեւէջներից ընդգրկում է ամբողջ բակը, որտեղ երկու-երեք երեխա մի ջարդված հեծանիվի համոզում են, որ վայր չընկնի: Ավելի տարիքով աղջնակն առջեւի անիվն է բռնել, մանկահասակը փորձում է ղեկն ուղղել, իսկ փոքրիկ տղան սեւացած ձեքերով նստատեղն է ամրացնում: Հեծանիվն ընդհատ-ընդհատ գլորվում է, նրանք հրճվում են. ասես իրենք են վրան նստած:

Թշվառության հոտը տիրաբար նստած է անդուռ սենյակի ամեն անկյունում: Փալասներով ծածկված մահճակալներ են ու մի օրորոց: Երեխայի լացի ելեւէջները սուր ծակում են ականջդ: Տատը ջրի շիշը նրա բերանն է խոթում ու սաստումՙ Լիլո՛, սո՛ւս: Լիլոն սուս է անում. լացը շարունակելու ճար չունի, ջուրը մեծ-մեծ շիթերով կոկորդն է լցվում: Տարեց կինը նստած է, ոտքինՙ հսկա փաթաթան: Հիվանդ է. ոտքի երկու մատն անդամահատել են: Կողքին շեկ, անլվա մազերով մյուս թոռներն են նստածՙ երեքն էլ իրար նման, նույն պլզուն աչքերով, նիհար, երկար մարմնով, սառած հայացքով: Ընտանիքը մեկ տարի առաջ է Լաչինից Գորիս տեղափոխվել: Տանը ոչ ոք չի աշխատում: Մեծահասակներն անաշխատունակ են ու հաշմանդամ: Մանկահասակ 4 աղջիկների հորն Արցախում զինվորական հաշվառումից չեն հանում, ինչի պատճառով էլ նա շարունակում է մնալՙ որպես Արցախի բնակիչ ու զրկված է Հայաստանում նպաստ ու թոշակ ստանալու հնարավորությունից: Ասել ենՙ 50-դ կլրանա, զինհաշվառումից կհանենք, ազատ քաղաքացի կդառնաս: Այդպես են ասել այն դեպքում, երբ տղամարդու ներքին օրգաններն արտահայտված կերպով ասես դուրս թափված լինեն փորից. 30 տարի առաջ ավտովթար է եղել, ինքը ձորն է գլորվել ու ներքին օրգանները տեղից դուրս են եկել, այդպես էլ մնացել: Տղամարդն անգամ աշխատել, իր երեխաներին պահել չի կարող, էլ ուր մնաց զենք վերցնի, բայց ասել ենՙ դու հաշվառման մեջ ես դեռ, այսինքնՙ պահեստային զինվոր: 4 աղջիկների մայրն անկենդան հայացքով շուրջբոլորն է նայում. փոքր դստեր բերանից ջրի շիշը վայր ընկավ: Լիլոն սկսեց սուր ծղրտալ: Տատը գոռացՙ Էլլա՜, շիշը դիր երեխու բերանը: Հարսի անկենդան հայացքը կենդանության նշաններ ցույց չտվեց: Տատը հաշմված ոտքն աթոռից քաշեց, տնքալով վեր կացավ, շիշը գետնից վերցրեց ու էլի խցկեց Լիլո թոռան բերանը: Լռություն տիրեց. միայն բակում ջարդված հեծանիվի թսկած անիվն էր ճռռում: 7 հոգանոց ընտանիքն ապրում է տատի 35 հազար դրամ թոշակով:» 

Ամբողջական հոդվածը կարդացեք «Ազգ» շաբաթաթերթի 05․07․2019 համարում 

Կարճ հասցե: javakhq.info/u/4380.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :