Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ ու գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին. Շահան Շահնուր

Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ ու գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին. Շահան Շահնուր

«Ի՜նչ պետք, ի՜նչ պետք սակայն ըսել այս բոլորը, որ արդեն իսկ այսքան անգամներ կրկնված ըլլալու դժգոհությունը ունի: Ի՜նչ պետք մանավանդ զբաղիլ պարագաներով, որոնց լավագույն դարմանը բառերուն և խոսքերուն ուժը չի կրնար կազմել բնավ: Ոչ թե որովհետև այժմ պատերազմ կա ու կռիվ, ոչ թե որովհետև այժմ ճակատամարտ կա ու կենսապայքար, այլ որովհետև կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, կա բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կոռնա բոլոր քառուղիներեն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը հայերուն: Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե ազգ մը դուրս կուգա պարտված կամ հաղթական, սակայն երկու պարագային էլ դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա սա նահանջը կջնջե, կձուլե, կանհետացնե ամեն բան: Իրա′վ, բազմաթիվ չեն այսպիսի զարգացած անտարբերները, սակայն անդին կամ ամբոխները անտաշ, անմիտ և ուծացած մարդոց, որոնք կարծես բնազդաբար, կարծես արյունով ու ծուծով ճիշտ նման են նախորդին: Անոր պես առաջինը կըլլան ընկրկող, մոռացող, ուրացող: Եվ կկազմվի ահեղ զանգվածը անոնց, որոնք կնահանջեն ու այդ մեծ հոսանքին մեջ կքաշեն կտանին մյուսներին ալ, ցանցառ բացառություններն ալ:

«Կնահանջեն ծնողք, որդի, քեռի  փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ ու գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին:

«Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի. եղան ուրիշներ, որոնք տվին հավատք, կուսություն. եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր, որ ուրացան ազգ ու լեզու, և հերոսներ, որ տվին արյուն, կյանք, օր ու արև: Իսկ մե՛նք, կվճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար, բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա՛, մեղա՛ Արարատին»:

Հատված Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից

Կարճ հասցե: javakhq.info/u/4310.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :