Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ-երեկո և «Բանակի մայրը» ֆիլմի ցուցադրություն

Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ-երեկո և «Բանակի մայրը» ֆիլմի ցուցադրություն

Երեկ Մոսկվա կինոթատրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ բանակի հերոս, ԶՈւ կապիտան, հրաձգային վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ-երեկո և «Բանակի մայրը» ֆիլմի ցուցադրությունը, որի գլխավոր հերոսները Արմենակը և իր մայրը` տիկին Համեստն էին: 

Արմենակ Ուրֆանյանին նվիրված hուշ-երեկոյի հիմնական նախաձեռնողները և կազմակերպիչները Ջավախք հայրենակցական միության անդամներն էին, միության անդամ և Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գլխավորությամբ: Երեկոյի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված հերոսների հիշատակը, ապա տեղի ունեցավ «Բանակի մայրը» ֆիլմի ցուցադրությունը, որի ռեժիսորը և հեղինակը Սոնա Տոնականյանն է: 

Ֆիլմը պատմում է պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր մասին: Տիկին Համեստը ցանկություն է հայտնել գնալ Արցախ, Մարտակերտ, այն դիրքը, որի համար իր որդին և հերոս զինվորներն իրենց կյանքը չխնայեցին: Ուրֆանյանի մայրը եղել է այն հյուրանոցում, որտեղ կյանքի վերջին ամիսներն է անցկացրել իր որդին, նստել այն մահճակալին, որտեղ քնել է որդին:

Շիրակ Թորոսյանն իր ելույթում նշեց, որ քանի դեռ կա այն հայությունը, որի սրտում բաբախում է հայրենիքի հանդեպ մեծ սերը, մենք ոչինչ չենք կորցնի, այլ միայն կգտնենք և կվերադարձնենք: «21 -րդ դարը վերադարձի ու վերագտնելու դար եղավ հայ ժողովրդի համար, բայց, ցավոք, այդ իրողության մեջ մենք ունեցանք անդառնալի կորուստներ»,- ասաց պատգամավորը:

Երեկոյին ներկա էր նաև այն դպրոցի տնօրենը, որտեղ կրթություն է ստացել Արմենակ Ուրֆանյանը: Նա նշեց, որ այն դասասենյակը, որտեղ ուսումնական վերջին դասարաններում ժամանակի մեծ մասն անցկացրել է Արմենակը, հրաձգարանն է եղել: Կրակելը դպրոցական տարիներից եղել է նրա սիրելի զբաղմունքը: 

Երեկոյին իր նոր երգով հանդես եկավ ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանը, որի երգը նվիրված էր հենց Արմենակին: Հանդես եկան նաև «Կարին» երգի-պարի անսամբլը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, երգեցին Եվա Եգանյանը, Սոնա Ռուբենյանը և այլոք:

Աղունիկ Հովհաննիսյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4292.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :