Վարդիթեր Մկրտչյանի հավաքածուն. որպեսզի Ջավախքում չվերանա թոնիրը, ասեղի քոստիկը, փայտե մուրճը և այլ հին իրեր

Վարդիթեր Մկրտչյանի հավաքածուն. որպեսզի Ջավախքում չվերանա թոնիրը, ասեղի քոստիկը, փայտե մուրճը և այլ հին իրեր

Վարդիթեր Մկրտչյանը  2011 թվականից Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի  դպրոցի փոքրիկ գրադարանում ստեղծել է հնությունների և բազմաթիվ արժեքավոր իրերի հավաքածուների անկյուն, անձամբ հավաքել և համարակալել  ողջ հավաքածուն: 

«Հիշում եմ, թե  մայրս ամեն օր ինչպիսի առանձնահատուկ խնամքով էր մաքրում և դասավորում մեր կարասները, այդ ժամանակ փոքր էի, առանձնապես բան չէի էլ հասկանում, մորս այդ գործը  դիտարկում էի  որպես  տան մաքրության և եղած- չեղածը դասավորելու  հերթական  քայլերից մեկը», -պատմում է տիկին Վարդիթեռը: Տարիների հետ  շատ բան է փոխվել մարդկանց կյանքում, ժամանակակից տեխնիկայի միջոցով  բազմաթիվ  իրեր  դուրս են հանվել կենցաղից, կանանց խոհանոցներից, այդ թվում և  կարասները, սակայն  տան մի անկյունում  պահպանվել էին Վարդիթեռի  մոր  կարասներից մի քանիսը: Նա  որոշել է  գտնել ու տեր կանգնել   դրանց, որոնք էլ  դարձել են հավաքածուի  առաջին նմուշները: 

Վարդիթեր Մկրտչյանը մոտ 41 տարի է՝ աշխատում է Փոկայի դպրոցի գրադարանում: Ուսուցիչներին հավասար նա էլ բազում սերունդներ է ճանապարհել՝ մեծահոգաբար և պատվով կատարելով իրեն վստահված գործը:  Ոստի և նպատակահարմար  է  գտել  գրադարանի փոքրիկ մի անկյուն հատկացնել և հնությունների իր հավաքածուն դասավորել  այդտեղ: 

«Երկար  տարիներ նվիրեցի գրքեր  պահպանելուն, հավաքելուն, ինչն այնքան էլ հեշտ գործ չէր մեր  խեղճ և անտեսված Ջավախքում: Հիմա էլ, երբ տեսնում եմ, թե ինչպես են սերունդները մոռանում մեր անցածը, շատ եմ տխրում:  Տխրում եմ, որ վերանում է թոնիրը, ավելի շուտ՝  համընդհանուր չկա, վերացել  են և շարունակում են վերանալ  բազում հետաքրքիր և արժեքավոր իրեր, ինչպես, օրինակ, փայտից պատրաստած մուրճը  (նախկինում օգտագործել են սայլի մեխերն ամրացնելու համար), ասեղի քոստիկը՝ (կաշվե փոքրիկ գրպանիկ հիշեցնող իր, որտեղ պահել են ասեղները), ձկի նքուկը՝ գործիք, որով գործել են ձուկ բռնելու ցանցը: Սրանք  և էլի շատ նմուշներ,  հավաքում և պահպանում եմ,  այն ամենն ինչ ձեռքս ընկնի»,- շարունակում է տիկին Վարդիթերը:

Հին իրերի կողքին կան նաև նորերը: Այն հարցին, թե այս իրերի ներկայությունը ինչպես կբացատրի, տիկին Վարդիթերը մեղմ ժպիտով ասում է. «Որպեսզի հինը նորի հետ համակցենք, զուգահեռ հին իրերին հավաքում եմ նաև նորը՝ դպրոցի աշակերտների ձեռքով պատրաստածը»:

 Տիկին Վարդիթեռը հավաքել է նաև գրողներին վերաբերող նյութեր, որտեղ  կան հայ մեծանուն գրողների և արվեստագետների բազում  ստեղծագործություններ, նրանցից պահպանված մասունքներ, ինչպես, օրինակ, Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրից` Օշականից   բերված   հող ու ջուր, որը տիկին Վարդիթերը անձամբ է բերել, Աբուլի  գագաթ բարձրացած  մի խումբ երիտասարդների ձեռքով   բերված  հող, Արևմտյան Հայաստանից բերված հող և Վանա լճի ջուր:

Կա նաև 1915թ. եղեռնից մազապուրծ եղած մարդկանց տվյալների հավաքածու, այդ թվում և Փոկայում բնակություն հաստատած  6-ամյա Հայկանուշ  Տերտերյանի մասին, որը  հոր հետ Արևմտյան Հայաստանից, կիլոմետրեր  քայլելով, փրկվել է կոտորածից և հասել  Փոկա:

Տիկին Վարդիթերը առանձնացրել է մի անկյուն, հավաքելով  բոլոր այն մարդկանց տվյալները, ովքեր ինչ-որ բանի  են հասել, ավարտելով  Փոկայի միջնակարգ դպրոցը  և կրթությունը շարունակելով դարձել են բժիշկ, պատմաբան, գրող և այլն. «Թող ճանաչեն և իմանան ինչպիսի մարդիկ է տվել մեր դպրոցը»,-հպարտությամբ ներկայացնում է նա: Դպրոցում տիկին Վարդիթերի այս գործունեությունը ոգևորիչ է եղել, և աշակատերտները նույնպես իրենց ավանդնն են ներդրել այդ գործում և ամեն հարցում աջակցում են նրան:

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4290.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :