Երիտասարդ մոդելավորողն ուզում է զարգացնել զարդակիրառական արվեստի ճյուղերը Ջավախքում

Երիտասարդ մոդելավորողն ուզում է զարգացնել զարդակիրառական արվեստի ճյուղերը Ջավախքում

«Նպատակս է ապրել և գործել Ջավախքում, նպաստել Ջավախքի մշակութային կյանքի զարգացմանը»,-ասում է Կարծախ գյուղի բնակիչ, 21 ամյա Սուսաննա Կարապետյանը, ով մասնագիտությամբ դերձակ-մոդելավորող է։ 

Դեռ մանկուց Սուսաննան սիրել է ասեղնագործել, կարել, զբաղվել հուլունքագործությամբ․«Ինչքան ինձ հիշում եմ՝ կարել եմ, փոքր ժամանակ տիկնիկներիս համար ամենատարբեր զգեստներ էի կարում, սիրում էի նրանց գեղեցիկ հագցնել։ Զուգահեռ նաև ասեղնագործում էի, տարիքի հետ հասկացա, որ դա պարզապես մանկական զբաղմունք կամ խաղ չի եղել, այլ իմ կյանքի առաքելությունը»։

Հետաքրքրության շնորհիվ Սուսաննան իր տատիկից՝ Քնարիկ Կարապետյանից սովորել է նաև հելունագործություն, ժանեկագործություն, ասեղնագործություն, յուրացրել գեղեցիկ և բազմերանգ նախշեր, որոնք հետագայում ևս օգնել են մասնագիտական կողմնորոշման հարցում։ Սովորելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում՝ ստացել է դերձակի որակավորում։ Ասեղնագործությունը և մասնագիտական հմտությունները մեկտեղելու նպատակով սկսել է աշխատել Տերյան մշակութային կենտրոնում։ Այնտեղ ծանոթացել է Հայկական բազմազան ու բազմերանգ տարազների հետ։ Ծանոթանալով տարբեր շրջանների տարազներին՝ նա առավելագույնը սիրել է Կարնո տարազը:

«Թեպետ սիրում եմ բոլոր շրջանների տարազները, սակայն, քանի որ իմ նախնիները Կարինից (Էրզրում) են եղել, Կարնո տարազը ինձ համար նաև որոշակիորեն նախնիներիս դիմագիծն էր ներկայացնում: Պատճառը ոչ այնքան սա էր, որքան Կարնո տարազի նրբագեղությունն ու գույների գեղեցիկ համադրությունը։ Ասեղնագործ նախշերի հարստությամբ աչքի է ընկնում Վասպուրականի տարազը։ Ոչնչով չի զիջում Արցախի տարազը, այն նույնպես գույների և ասեղնագործ նախշերի գեղեցիկ համադրություն է, որը լավագույնս է բնութագրում հայ կնոջ կերպարը»,-ասում է Սուսաննան։ 

Մեկ տարի շարունակ ապրելով և աշխատելով Հայաստանում՝ Սուսաննան ի վերջո որոշել է վերադառնալ հայրենի Ջավախք, այստեղ ևս զարդակիրառական արվեստի տարբեր ճյուղերը զարգացնելու նպատակով։ Իսկ տարազի մոտիվներով ստեղծած նրա զգեստը արդեն գտել է իր կրողին՝ փոքրիկ հայուհուն։

 

 

Քչախոս ու ժպտերես աղջիկը ցանկանում է ապրել և աշխատել հայրենի Ջավախքում, ստեղծել իր անհատական հավաքածուն, ինչու չէ նաև իր գիտելիքները կիսել բոլոր ցանկացողների հետ։ Այժմ նա հայրենիքում պատրաստվում է ստեղծել իր արհեստանոցը, որտեղ էլ կսկսի աշխատել և հանրությանը ներկայացնել իր ստեղծագործ մտքերն ու ունակությունները հագուստի, ձեռագործ և ասեղնագործ աշխատանքների տեսքով։ 

Լուսանկարները Սուսաննա Կարապետյանի անձնական արխիվից

Անի Առաքելյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4282.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :