ԵՊՀ ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները

ԵՊՀ ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները

7 օր շարունակ՝ հուլիսի 12-18-ը, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում համախմբվել էին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Արցախի և Ջավախքի ուսանողները՝ մասնակցելու արդեն երրորդ անգամ կազմակերպվող ԵՊՀ ուսանողական ռազմական բանակումին։ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 9-ը պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային մրցումներ, թեմատիկ դասախոսություններ, թիմային աշխատանքներ, սեմինար-քննարկումներ, նաև ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր։

Ուսանողական ռազմական բանակումի հրամանատար Արմեն Խաչիկյանը պատմեց, որ նախորդ երկու տարիներին ևս անցկացվել են ուսանողական բանակումներ, սակայն, այս տարվա ապրիլյան իրադարձությունները հաշվի առնելով, բանակումը իրականացվեց ռազմական ձևաչափով։ Ուսանողներն ապրել են վրանային պայմաններում՝ քնել զինվորական մահճակալներին, ենթարկվել իրենց ջոկատավարների հրահանգներին։ 

Ուսանողները, մրցակցելով միմյանց միջև, փորձել են հաղթել տարբեր մրցույթներում, որի ընթացքում գրանցվել են նաև հետաքրքրիր դեպքեր։ Օրինակ՝ կրակային պատրաստության ժամանակ առաջին անգամ զենքին մոտեցող ջավախքցի ջոկատի հրամանատարը միանգամից խոցել է երկու թիրախն էլ, որը զարմացրել է թե՛ իրեն, թե՛ աշխատակազմին։ 7 օրերի ընթացքում բարելավվել է ուսանողների մարտական և ֆիզիկական վիճակը։ 

«Ընդհանուր թվով մոտ 120 հոգի է մասնակցել ռազմական բանակումին, յուրաքանչյուր ջոկատում կան մասնակիցներ Արցախից, Ջավախքից, ինչպես նաև սիրիահայ մասնակիցներ։ Մինչև ծրագիրը սկսելը՝ ունեցել են հարցազրույցներ և նախապատրաստել ենք ուսանողներին այս պայմաններին։ Այս օրերը ցույց տվեցին, որ մեր երիտասարդությունը ունակ է մարտական պատրաստության վիճակը բարելավելու, ունակ է լինել կարգպահ, իսկ կարգապահությունը երկրի զարգացման համար կարևոր գործոն է», -նշեց ռազմական բանակումի հրամանատարը։ 

Ջավախք ուսանողական միության նախագահ Էդգար Չախոյանն էլ տեղեկացրեց, որ ջավախքցիներն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են ուսանողական բանակումին։ «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանի առաջարկով անցած տարի Ջավախքից փորձնական մասնակցել է 5 հոգի, այս տարի մասնակցեցին 9 հոգի, որոնք իրենց մասնակցությամբ ներկայացրեցին Ջավախքը, բարձրաձայնեցին Ջավախքի խնդիրները։ 

«Ես արդեն հրավիրել եմ իմ ընկերներին Ջավախք, որպեսզի գան և տեսնեն, որ Ջավախքն էլ իր բնությամբ, պատմամշակութային վայրերով ու պատմական հուշարձաններով չի զիջում Արցախին։ Շատ գոհ եմ ծրագրից, քանի որ միաժամանակ շատ ուսուցաղական, ժամանցային և հետաքրքիր էր։ Կազմակերպիչներն էլ ապշած են մասնակցության ընթացքում մեր ջավախքցիների ցուցաբերած արդյունքներից։ Գրեթե բոլոր ջավախքցի մասնակիցները ունեն լավ ձայն՝ երգում են, ակտիվ են ինտելեկտուալ խաղերում, ազգագրական պարերը պարում են մյուսներին հավասար, տղաներն էլ, չծառայելով հանդերձ, ֆիզիկապես չեն զիջում մնացած բոլոր մասնակիցներին։ Նմանատիպ այլ ծրագրերում ևս կաշխատեմ ընդգրկել ջավախքցիներին, որպեսզի ինչպես այստեղ, այնտեղ էլ լավագույնս ներկայացնեն Ջավախքը»,- նշեց Էդգար Չախոյանը։

Ծնունդով Ջավախքցի Լյուբա Չախալյանը, ով վերջին տարիներին ապրում է Հայաստանում, իմանալով ԵՊՀ-ի ռազմական բանակումի մասին, որոշել է մասնակցել․ «Ապրիլյան պատերազմից հետո որոշեցի, որ արժե տեսնել այն հայրենիքը, որի համար մեր զինվորները կռվում և արյուն են թափում, ինչու չէ նաև մի շաբաթ լինել զինվորի կողքին և ապրել զինվորական առօրյայով։                     Միջավայրին ինտեգրվելը դժվար չէր, քանի որ բոլորս էլ երիտասարդներ ենք ու ուսանողներ, նույն է մեր հետաքրքրության շրջանակը։ Արդեն հասցրել են ծանոթանալ բոլոր մասնակիցների հետ և շփումը կշարունակվի նաև ճամբարից հետո»։

Շուշանիկ Վանցյանը, ով սովորում է ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետում, Ախալքալաքից է։ Բազմիցս մասնակցել է տարբեր ծրագրերի և ճամբարների, սակայն ռազմական բանակումի դեռևս չէր մասնակցել։ «Կարևորում է ջավախքցի երիտասարդների մասնակցությունը, քանի որ պետք է ցույց տալ, որ ջավախքցի երիտասարդը ոչնչով չի զիջում մնացածին»,-ասաց նա և հավելեց, որ չնայած արձակուրդին և կարոտին՝ 10 օրից ավելի մնացել է Հայաստանում ռազմական բանակումին մասնակցելու համար, իսկ տպավորությունները միայն դրական են։ 

 ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի  ուսանողուհի Ոսկի Ապրեսյանը  մինչև ապրիլյան դեպքերը չէր պատկերացնում, որ ունակ է ապրել զինվորական առօրյայով, սակայն ներսում եղած տագնապը նրան ստիպել է մասնակցել․ «Բոլոր ծանոթներիս ու հարազատներիս համար անակնկալ էր, որ ամենանվազ աղջիկը կարող է այսպիսի ծրագրի մասնակցել։ Կրակային պատրաստության ժամանակ զորամասում հանդիպեցի դասընկերոջս, ով ևս հաճելիորեն զարմացավ՝ տեսնելով ինձ զինվորական համազգեստով, այն էլ կրակելիս»։ Նա նաև ասաց, որ մեծ սիրով կմասնակցի այսօրինակ ծրագրերի Ջավախքում։

Սիրիահայ Դալար Դոնին արդեն 4 տարի է, ինչ ապրում է Ղարաբաղում: Լսելով, որ ռազմական ճամբար է լինելու, որոշել է մասնակցել, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանի իրեն և հայրենիքը. 

«Կարևորում եմ այն, որ կան երիտասարդներ տարբեր շրջաններից և Ջավախքից։ Հասցրել եմ սիրել ջավախքցիներին, քանի որ հասկանում եմ նրանց բարբառը, որը շատ նման է մեր  բարբառին»։ 

Ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ հուլիսի 18-ի գիշերը, հասնելով Երևան, չնայած մթին գտնում էին միմյանց, ջերմորեն գրկախառնվում, դժվարությամբ բաժանվում միմյանցից, թեպետ արդեն փոխանակվել էին հեռախոսահամարներով կամ ֆեյսբուք սոցիալական ցանցում գտել միմյանց՝ կապը հետագայում շարունակելու նպատակով։ 

Լուսանկարները՝ ԵՊՀ մարտական ակումբի ֆեսյբուքյան էջից

Հերմինե Կարապետյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4273.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :