Թովմաս Պողոսյանը՝ աշուղ Ջիվանու կյանքի, հայտնի ու անհայտ ստեղծագործությունների մասին

Թովմաս Պողոսյանը՝ աշուղ Ջիվանու կյանքի, հայտնի ու անհայտ ստեղծագործությունների մասին

Հունիսի 25-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված աշուղ Ջիվանու ծննդյան 170-ամյակին: Ցերեկույթի ընթացքում ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը պատմեց մեծ աշուղի կյանքի, հայտնի ու անհայտ ստեղծագործությունների մասին։  

Թեպետ ցերեկույթը նվիրված էր մեծանուն աշուղ Ջիվանուն, սակայն ժողովրդական արտիստը նախևառաջ խոսեց վերջին օրերին համայն հայության համար կարևոր իրադարձության մասին. »Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցելությունը Հայաստան բացառիկ նշանակություն ունի համայն հայության համար։ Պատկերացնում եք, մի քանի միլիարդ մարդ այս օրերին տեղեկացավ, որ Պապը առաջին քրիստոնյա երկրում էր, անթիվ ու անհամար մարդիկ առաջին անգամ են լսել այդ մասին», -ասաց նա։

Խոսելով հայ աշուղական արվեստի մասին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բանահավաք, ժողովրդական ու աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանն ասաց, որ  Հայաստանում աշուղագիտությունը սահմանափակվում է Գրականության ինստիտուտի բաժնով, այնինչ մեր հարևաններն ունեն աշուղագիտության մի ամբողջ ինստիտուտ:

Ներկաներին պատմեց, որ աշուղ Ջիվանին (Սերոբե Բանգոյանը) Բասենից գաղթած և Ջավախքի  Կարծախ գյուղում հաստատված Բանգոյաններից է սերում։ Ծնվել է 1846 թվականին, մանուկ հասակում կորցրել է հորը, մայրն էլ ամուսնացել է հարևան Դադեշ գյուղում, և նրանց մանկահասակ երեխաները՝ Քերոբը և Սերոբը (աշուղ Ջիվանին), մեծացել են հորեղբոր հոգածության ներքո: 

Դառն են եղել Ջիվանու մանկության ու պատանեկության տարիները: Երբ նա գյուղի  դպրոցում նոր գրել-կարդալ է սովորել, հորեղբայրը հանել է նրան դպրոցից և կարգել հորթարած: Թովմաս Պողոսյանն ավելացնում է, որ Ջիվանին շատ է զբաղվել ինքնակրթությամբ, իմացել է Աստվածաշունչը, Ավետարանը, Նարեկը և կարդացել է մեր ժողովրդի պատմիչներին։ 

«Ջիվանին այն եզակի մեծությունն է հայ աշուղներից, որ մեր ժողովրդի պատմությունն անցկացրեց իր լուսեղեն պրիզմայի միջով և մեզ տվեց ճիշտ ապրելու ճշմարիտ գաղափարն ու ճանապարհը», -նշեց նա:    

Հանդիպումը վերածվեց մտերմիկ զրույցի, հետաքրքրասեր հանդիսատեսի համար Թովմաս Պողոսյանը նախատեսվածից էլ ավելին ներկայացրեց: Նա պատմեց, որ Ջիվանին որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։ Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է: Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը։ Աշուղական արվեստը Ջիվանին սովորել է կարծախցի նշանավոր աշուղ Սիայու մոտ։ Վարպետը հայրաբար օրհնել է իր սանին և անունը դրել Ջիվանի, որը պարսկերենից նշանակում է երիտասարդ։ «Բայց այսօր այդ բառը բոլորիս շատ հարազատ հայերեն է դարձել և հատուկ անուն», -ասում է ժողովրդական արտիստը:

Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջիվանին ընտրվել է «ուստաբաշի» (գլխավոր վարպետ)։ 

Ջիվանին ամուսնացել է Հովհաննես Տալյանի աղջկա՝ Աշխենի հետ, որը աշուղ Ջամալու քույրն էր: Նրանք ունեցել են վեց երեխա: Երկու աղջիկ՝ Արաքսիան և Հռիփսիմեն և չորս տղա՝ Գարեգինը, Գուրգենը, Պարույրը և Լևոնը:

 

Թովմաս Պողոսյանը պատմում է, որ Հռիփսիմեն և Արաքսը եղել են հայրիկի ստեղծագործությունները մաքրագրողները՝ դավթարի մեջ գրանցողները։ Տարիներ անց վախճանվել է կրտսեր որդին՝ Լևոնը, և Ջիվանին որդու հիշատակը հավերժացնելու համար Բանգոյան ազգանունը փոխում է Լևոնյանով, և Ջիվանիով ամբողջ գերդաստանը դառնում է Լևոնյան։ 

1895 թվականին աշուղն ընտանիքով ընդմիշտ տեղափոխվում է Թիֆլիս: 1909 թվականի աշնանը Ջիվանին ծանր հիվանդանում է և ընկնում անկողին։ Անօգնական վիճակում հիվանդությունը ծանրանում է և տևում հինգ ամիս։ 1909 թվականի մարտի 19 հանճարեղ երգիչը վախճանվում է։ 

Թովմաս Պողոսյանի խոսքով՝ Ջիվանին մեր ամենաերջանիկ աշուղներից է հրատարակչական առումով, քանի որ իր կենդանության օրոք բազմիցս հրատարակվել են նրա երգերը, իսկ մահվանից հետո առավելապես: Նրա ստեղծագործություններնառանձին գրքերով լույս են տեսել 1882, 1912 թվականներին:  Տասը տարի Ջիվանի վերծանելուց հետո 2009 թվականին լույս է տեսել «Անհայտ երգեր» գիրքը Թովմաս Պողոսյանի մշակմամբ: Գրքում տեղ են գտել Ջիվանու շուրջ 450 անտիպ գործեր: Գրքում զետեղված է նաև Ջիվանու շուրջ 1200 ստեղծագործությունների քարտադարանը` թե որ գործը, որտեղ և երբ է տպվագրվել:

Թովմաս Պողոսյանը  Ջիվանուն համարում է մարգարե, քանի որ նրա ստեղծագործության թեմաներն առընչվում են մեր կյանքի ու կենցաղի բոլոր շրջանակներին: Երաժիշտը նաև օրինակներ բերեց ներկաների համար.

Պատասխանելով հանդիսատեսի բոլոր հարցերին, Թովմաս Պողոսյանը չմերժեց նաև նրանց վերջին ցանկությունը և Ջիվանու մի քանի անհայտ երգերից հատվածներ կատարեց: 

Հերմինե Կարապետյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4260.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :