Երկու մեղադրանք՝ Փարվանայի բնակչին

Երկու մեղադրանք՝ Փարվանայի բնակչին

Հունիսի 16-ին կայացել է Ջավախքի Փարվանա գյուղի բնակիչ Խաչիկ Առաքելյանի գործով դատական նիստը: Ինչպես «Ջավախք ինֆո»-ին պատմեց Խ. Առաքելյանի հարազատներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, փաստաբանը միջնորդել է գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, քանզի նախքան դատական նիստը իրավապահների քննության ընթացքում, հեռախոսազանգերի խոսակցությունների ստուգումից պարզվել է, որ Խաչիկ Առաքելյանը տեղյակ չի եղել Ադրբեջանի քաղաքացի հանդիսացած Ջեյհուն Նովրուզովին գերի վերցնելու մասին: Ավելին, ադրբեջանցիների հետ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել: Առաքելյանի փաստաբան Սուրեն Բագեյանը «Հետքին» պատմել է,  որ մեղադրանքի համաձայն՝ խուզարկության ժամանակ Առաքելյանի տնից հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ: Եվ այժմ Խաչիկ Առաքելյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զինատեսակի պահպանումը և առևանգված ադրբեջանցուն թաքցնելը: 

Փաստաբան Սուրեն Բարեգյանը նշել է, որ Առաքելյանի կալանքը գրավով փոխարինելու իր միջնորդությունը դատարանը մերժել է, որովհետև դեռևս 6 կասկածյալներից որևէ մեկը ցուցմունք չի տվել: Ցուցմունք չի տվել նաև Խաչիկ Առաքելյանը:  

Փաստաբանի խոսքով՝ երեք վրաստանաբնակ ադրբեջանցիները մեղադրվում են առևանգման մեջ, ևս երեքը՝ որպես ապաստան տվողներ՝ գերուն թաքցնելու մեջ:

«Եվ Վրաստանում է գործը բացված, և Բաքվում, հիմա Բաքվում սպասում են, թե էստեղ գործն ինչ է լինում: Իրավապահները ամեն ինչ լսել են հեռախոսազանգերով, իմացել են, թե ինչպես են փող պահանջել, բայց Խաչատուրը դրա հետ գործ չունի, նրա արարքը շատ փոքր է, որ իր տունն են բերել և մի գիշեր պահել: Բայց դրանից առաջ այդ տղային մի ամիս տարբեր  տեղեր են պահել», -հստակեցրել է փաստաբանը:

Վրաստանի քրեական օրենսգիրքը Խաչիկ Առաքելյանին առաջադրված մեղադրանքների համար նախատեսում է՝ առաջինի դեպքում 1-3 տարի ազատազրկում, երկրորդի համար՝ մինչև 4 տարի:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 28-ին:

Աղունիկ Հովհաննիսյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4258.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :