«Կյանքիս լավագույն տարիները այդ հողի վրա են անցել, Ջավախքը կմնա իմ հայրենիքը»,- ասում է դուխոբոր Նաստյա Տամիլինան

«Կյանքիս լավագույն տարիները այդ հողի վրա են անցել, Ջավախքը կմնա իմ հայրենիքը»,- ասում է դուխոբոր Նաստյա Տամիլինան

«Շատ դժվար էր փակել տարիներով  ապրած տանդ դուռը և բանալիներն ընդմիշտ հանձնել ուրիշին»,- ասում  է  դուխոբոր Նաստյա Տամիլինան  ու արցունքները մաքրում: 

Նաստյայի ընտանիքը 25 տարի ապրել է Ջավախքում՝ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում:  Տիկին Նաստյան ուսուցչուհի է աշխատել տեղի ռուսական դպրոցում, բայց երբ Ջավախքից հեռացել են բոլոր հարազատները, իրենք էլ ստիպված են եղել վաճառել տունը  ու մեկնել, արդեն  երեք տարի է` Ռուսաստանի Դաշնությունում են ապրում:

«Կյանքիս լավագույն տարիները այդ հողի վրա են անցել, և ընդհանրապես Վրաստանը`Ջավախքը կմնա իմ հայրենիքը, շատ եմ կարոտում այն: Այստեղ` Ռուսաստանում մի տեսակ օտար եմ ինձ զգում: Տարիներով ապրելով հայ ժողովրդի հետ՝ շատ բաներ ենք նրանցից վերցրել, ինքս էլ եմ զարմանում, բայց դա իսկապես այդպես է, և ինձ այստեղ բոլորն են այդ մասին ասում»,- ասում է տիկին Նաստյան: 

Դուխոբորները  ռուս էթնո-կրոնական հատուկ խմբի ներկայացուցիչներ են, ովքեր ապրում են Ռուսաստանում, Վրաստանում, Կանադայում և այլ վայրերում:  «Դուխոբոր» բառը նշանակում է «հոգով պայքարող»: Նրանք ժխտում են մարդու կողմից ստեղծված սիմվոլները, ինչպես, օրինակ, եկեղեցին, խաչը և կրոնի հետ առնչվող այն ամենը, ինչը ստեցծել է մարդը: 

Դուխոբորները 18-դարի վերջերին հալածանքների են ենթարկվել ցարական կառավարության կողմից և աքսորվել Ռուսաստանից:

1839-1845թթ. նրանք աքսորվել են Վրաստան, հաստատվել Ջավախքում,  մասնավորապես՝ Նինոծմինդայի  շրջանի ութ գյուղերում:

Աքսորվելով Ջավախքի ոչ բարենպաստ բնակլիմայական պայմաններով  անմարդաբնակ վայրեր՝ շատերը չեն դիմացել սովին և համաճարակին: Մի մասն էլ սպանվել է թաթարների (ադրբեջանցիներ) կողմից: 

Ի վերջո, զգալի մասն, այդուհանդերձ, կարողացել է հաղթահարել բազմաթիվ  խոնչընդոտներ և դժվարություններ, տներ կառուցել և գոյատևելու  որոշակի պայմաններ ստեղծել՝ մտածելով, որ կարճ  ժամանակ անց  իրենց կրկին կընդունեն Ռուսաստանում: 

Դուխոբորների մի մասը Վրաստանը լքեց դեռևս 1990-ականների սկզբին՝ մեկնելով Տուլա: Այնտեղ ստացան անվճար բնակարաններ: «Այդ տարիներին մերոնց համար դա ամենալավ տարբերակն էր, անբարենպաստ էին ապրելու համար պայմանները, լույս չկար, գազ չկար, ապրելու հնարավորություն չկար, իսկ Ռուսաստանում կարող էին բարեկեցիկ կյանքով ապրել»,-շարունակում է տիկին Նաստյան: 

Դուխոբորների երկրորդ մեծ խումբը լքեց տարածաշրջանը 1996 թվականին: Չնայած այդ տարիներին դեռևս կոլտնտեսությունը գործում էր, և մարդիկ կարողանում էին ապրուստի միջոց հայթայթել, և քիչ թե շատ բարելավվել էր վիճակը, բայց այդ ժամանակ էլ դուխոբորներն իրար մեջ անհաշտ էին: Տիկին Նաստյան հիշում է, որ ներքին պառակտում էր տեղի ունեցել: Ժողովուրդը երկու մասի էր բաժանվել: Մի մասի առաջնորդ Լյուբով Գոնչարովան հավաքեց համախոհներին և իր հետ տարավ Բրյանսկ: Մնացողները չէին ուզում լքել տները և հեռանալ: 

Նույն տարիներին էլ եղավ հայերի մեծաքանակ հոսքը դեպի Գորելովկա: Նրանք  եկան Ջավախքի  տարբեր գյուղերից՝ հիմնականում Նինոծմինդայի շրջանի, համեմատաբար էժան գներով ձեռք բերեցին այն տները, որոնք 1996-ին լքել էին Դուխոբորները: 

Դուխոբորների  երրորդ և վերջին մեծ արտահոսքը  եղել է 2007 թ.-ին:  

«Եթե ասեմ, որ ջավախքցիների հետ վատ ենք եղել սուտ կլինի, անձամբ մեր ընտանիքը բազմաթիվ հայ ընտանիքների հետ է մոտ եղել, հարևաններս մեծամասամբ հայեր էին և միշտ էլ համերաշխ ենք ապրել: Բայց կային այնպիսիք, որոնք մեզ չէին ընդունում, ցածր էին դասում իրենցից, մտածելով, որ եթե ռուս ենք և իրենց պես պահպանողական չենք,  ուրեմն արժանի չենք նորմալ վերաբերմունքի, եթե բացահայտ չեն էլ ասել՝ միշտ զգացնել են տվել»,- ցավով նշում է Նաստյան: 

Տիկին Նաստյան այն դուխոբորներից է, ով ստիպված լքել է Ջավախքը՝ տանելով իր հետ բազում լավ ու վատ հիշողություններ: «Ես ու դուստրս շատ բան ենք սովորել ջավախքցի կանանցից, սովորել ենք՝ ինչպես է պետք վերաբերվել ամուսնուն, սկեսրոջը և, առհասարակ, ինչպիսին լինել ընտանիքում: Այսօր հայ կնոջը բնորոշ հատկանիշներ ունի նաև իմ 21-ամյա դուստրը` Տանյան, օրինակելի մայր է ու կին»,- ասում է տիկին Նաստյան և ժպտում: 

Նա պատմում է վերջերս իր հետ կատարված մի ծիծաղելի դեպք, երբ ամուսնու հետ  ընկերներով միջոցառման են եղել, իրենց հետ է  եղել նաև մի եկեղեցական, ով պատահմամբ լսել է, թե ինչպես է Նաստյան ընկերուհուն վստահեցնում, որ ինքը 30 տարի է՝ ինչ ամուսնացած է և, բարեբախտաբար, դեռ հաշտ ու համերաշխ ապրում են ամուսնու հետ: Քահանան հաճելիորեն զարմացել է  և կատակելով ասել, որ անհրաժեշտ է Նաստյայի արձանը կանգնեցնել, քանի որ Ռուսաստանում նման երևույթները բացառիկ են: 

Դուխոբորներն այսօր շարունակում են ապրել Ջավախքում՝ համալրելով Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների կազմը և բազմազանություն մտցնելով հայաբնակ Ջավախքում: Այսօր էլ Նինոծմինդայի շրջանում ապրում են դուխոբորներ, ովքեր չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրերը՝ չնայած այն փաստին, որ շատերի հարազատներն արդեն տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն:

Գորելովկայում  ապրում է դուխոբորներների 33 ընտանիք, մինչդեռ նախկինում շուրջ 500  տնտեսություն է եղել: Նրանց  մի մասը չի լքել իր բնակավայրը գումար չունենալու պատճառով,  մի մասն էլ արդեն ապրելու բարեկեցիկ պայմաններ է ստեղծել,  ունի  աշխատանք և չի ուզում այն  կորցնել: 

Միխայիլ Օսլիպովին, ով աշխատում է տեղի կաթի գործարանում,  երբ հարցրեցի, թե պատրաստվում է արդյոք երբևէ լքել Գորելովկան, պատասխանեց. «Ոչ, ի՞նչու գնամ, եթե այստեղ ունեմ իմ աշխատանքը, իմ ընտանիքը և, փառք Աստծո, դեռ ոչինչ չի ստիպում մեզ լքել այս երիկիրը` առավել ևս այս գյուղը»: 

60-ամյա Տանյա Սվետլիշևան ծնված օրից այստեղ  է ապրում ամուսնու հետ: Տանյայի դուստրը և որդին արդեն վաղուց Ռուսաստանում են, իսկ նա անգամ չի ուզում մտածել, որ երբևէ կարող է լքել տարիներով ամուսնու հետ հիմնած և բազմաթիվ անգամներ վերանորոգած իրենց երկհարկանի տունը: 

Ինչպես Գորելովկայում ապրող բազմաթիվ ընտանիքներ՝ և' հայ, և' դուխոբոր, և' վրացի կամ աջար, այնպես էլ Տանյաjի և ամուսնու համար ապրուստի հիմնական միջոցներից մեկը անասնապահությունն է. «Թոշակ ենք ստանում ես ու ամուսինս, մի քանի անասուն ենք պահում, կաթը հանձնում գործարաններին: Բացի դրանից, համարյա ամեն ինչ աճեցնում եմ, ինչը որ այս «սիբիրում» աճում է, մեզ լիովին բավականացնում է, մի բան էլ ավել»,-պատմում է Սվետլիշևան: Պատմելու ընթացքում հերթով ցուց տալով այն ամենը, ինչ աճեցնում է իր ջերմոցում: 

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4256.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :