Ջավախքցի երիտասարդ ժամագործը և փայտից ժամացույցներ ստանալու նրա գաղափարը

Ջավախքցի երիտասարդ ժամագործը և փայտից ժամացույցներ ստանալու նրա գաղափարը

24- ամյա  Դավիթ Ղազարյանը մոտ մեկ տարի  է, ինչ  փայտից ժամացույցներ է սարքում: Դեռ մանկուց  շատ է սիրել նկարել,  ինչ-որ բաներ է  պատրաստել  փայտից,  քանդակներ արել, դպրոցի համար պաստառներ գծել և այն: Սակայն, ինչպես ինքն է պատմում, երբեք մտքով չի անցել փայտից ժամացույցներ սարքել, առավել ևս դրանք վաճառել:  

Դավիթը ծնվել է Ջավախքի Գանձա գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են Օրլովկա գյուղ, որտեղ նա ստացել է 9-ամյա  կրթություն, այնուհետև կրթությունը շարունակել է հարևան Գորելովկա գյուղում:

Ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դիզայն բաժին: Այժմ նույն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում է շարունակում ուսանել: Ե՛վ սովորում է, և՛ աշխատում, դրա հետ մեկտեղ սիրած գործով զբաղվում:  

Ջավախքից  գալով  Երևան`բացի  կրթություն ստանալուց` ինքնադրսևորվել և կայանալ փորձող երիտասարդը  որոշում է, որ պետք է աշխատի և որոշ ժամանակ անց գտնում է իր մասնագիտությանը մոտ աշխատանք:  

Երբ աշխատանք էր փնտրում,  երբեք  մտքով չի  անցել, որ երկարատև փնտրտուքներից և վերջապես  գտնելուց  հետո կարող էր այդքան հեշտությամբ հրաժարվել աշխատանքից: Նա աշխատում  էր  մի այնպիսի տեղ,  որտեղ իր գործերը պիտի որոշակի ձևափոխության ենթարկեին և վաճառեին,  և հենց  այդ ժամանակ էլ, ինչպես ինքն է պատմում,  իր մեջ արթնանում է արվեստագետին հատուկ  սերը դեպի իր գործերը  և չափից ավելի նվիրվածությունն իր ամեն մի փորագրածի, ամեն քաշած գծի,  ամեն մի ստացված և չստացված  փայտի կտորի նկատմամբ: 

«Մտածեցի, որ իմ այդքան տանջանքը ուրիշին տալու փոխարեն ինքս տնօրինեմ, եթե լավ ստացվի հետագայում կորոշեմ դրանցից որը  վաճառել, որը՝ նվիրել»,- ասում է Դավիթը:

 Հենց այդ պատճառով էլ  որոշում է, որ  դուրս գա աշխատանքից,  որպեսզի  ինքը լինի «տերը»  իր  գործերի,  փորագրի և սարքի իր ուզած ձևով և իր դիզայնով:  Այդ օրվանից էլ  իր վարձակալած փոքրիկ բնակարանում սկսում է ժամացույցներ սարքել: 

«Սկզբում փոքր-ինչ կոպիտ և ոչ այնքան հաջող էին ստացվում, այնուհետև ամեն երկրորդ աշխատանքից հետո  ակնհայտորեն ավելի էի լավացնում»,- ասում է Դավիթը, ով  օր օրի ավելի է հմտանում և կատարելագործում  իր աշխատանքը:  

Ի վերջո,  նա  կարողանում  է գործերի վրա ստանալ  իր ուզած նախնական տեսքը, խանդավառությունն ու հրճվանքն աննկարագրելի  են լինում: Եվ առաջին հաջողված տարբերակներից մեկը նվիրում է իրեն հարազատ մեկին, ով էլ դառնում է սկսնակ արվեստագետի համար ներշնչանքի և կատարելագործման աղբյուր:  

Մինչ մտերիմները, ընկերները ծիծաղում էին, լսելով փայտից ժամացույց արտահայտությունը, այդ աղջիկը, ոգևորևորել էև օգնել խորհուրդներով: 

Հենց երկուսի անունով էլ ժամացույցը կոչվում է «Dali`s Watches»:  

Դավիթը փայտից ժամացույցներ է սարքում  տարբեր գույների և ոճերի: Թեկուզ  ավելի քիչ եկամտով, բայց կարողանում է առաջ գնալ, իսկ հաջորդ տարվա համար   նախատեսել է ցուցահանդես կազմակերպել:  

Բացի այն, որ սովորում է բարձր առաջադիմությամբ, արդեն հասցրել է գիտելիքներն օգտագործել սերունդներ կրթելու գործում: Աշակերտներ ունի և նրանց հետ «Եռաչափ նախագծման ծրագրերի» դասընթացներ է անցկացնում:  

Դավթի աշխատանքները կարելի է տեսնել այստեղ

Աղունիկ Հովհաննիսյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4244.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :