Վրաստանի 1545 քաղաքացի սովորում է Հայաստանի բուհերում

Վրաստանի 1545 քաղաքացի սովորում է Հայաստանի բուհերում

ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3638 սփյուռքահայեր, որոնցից 1545-ը Վրաստանի քաղաքացիներ են: Այս տվյալները, «Ջավախք ինֆո»-ի հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Վերջին չորս տարվա տվյալներով` ՀՀ-ում սովորող Վրաստանի քաղաքացիներից  անվճար համակարգում են սովորել 330 ուսանող: Անվճար համակարգը գործում է` հայագիտական, մանկավարժական և արվեստի մասնագիտությունների համար:

Ըստ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի աշխատակից Ամալյա Քոչարյանի, անվճար համակարգում սովորող սփյուռքահայ ուսանողների թիվը վերջին տարիներին նվազել է, սակայն թվեր ներկայացնել նա չցանկացավ: Այդ մասին մեր գրավոր հարցին էլ ԿԳՆ-ն չի պատասխանել:

Վրաստանի քաղաքացիների բաշխումը ըստ բուհերի հետևյալ տեսքն ունի՝

Պետական բուհեր՝  785 ուսանող.

Ոչ պետական բուհեր՝  433 ուսանող.

Միջազգային բուհեր՝  85 ուսանող.

Քոլեջներ՝     242 ուսանող.

Մեր այն հարցին, թե ինչու զեղչային համակարգը չի՞ տարածվում ջավախքցի ուսանողների վրա` ՀՀ ԿԳՆ պատասխանել է, որ Վրաստանի այն դիմորդները, ովքեր ընդունվել են ՀՀ քաղաքացիների համար նախատեսված կարգով /ընդհանուր հիմունքներով/, օգտվում են ուսման վարձի զեղչերից, իսկ այն դիմորդները, ովքեր ընդունվել են ՀՀ ուսումնական հաստատություններ 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության»  կարգի համաձայն, չեն օգտվում ուսման վարձի զեղչային համակարգից:  

Ջավախքցի ուսանողների համար նույնպես անվճար ուսման կամ զեղչային համակարգ չի գործում, հաշվի չեն առնվում բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած գերազանց առաջադիմությունից, ֆինանսապես անապահովությունից մինչև իսկ միակողմանի ծնողազրկությունը: Դիմումը մերժվում է ՝  օտարերկրյա քաղաքացի լինելու հիմքով:  

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4196.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :