ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Ջավախք ուղարկվող դասագրքերով այլևս չի զբաղվում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Ջավախք ուղարկվող դասագրքերով այլևս չի զբաղվում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայումս   չի  կարող աջակցություն ցուցաբերել Վրաստանի  կրթության նախարարության  հետ բանակցություններում, քանի որ պաշտոնական ձևակերպումը պահանջում է ֆինանսական փաստաթղթեր, որոնցում երևում է դասգրքեր ձեռքբերած գերատեսչության անվանումը, որը հանդիսանում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: 

«Ջավախք ինֆո»-ի հարցին, թե ՀՀ ԿԳՆ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու  Ջավախքում հայալեզու կրթությանը նպաստելու և այդ ոլորտում առկա խնդիրները թեթևացնելու համար, այսպիսի պատասխան է տվել ՀՀ ԿԳՆ-ն: 

«Ջավախք ինֆո»-ն ՀՀ ԿՆԳ-ից հետաքրքրվել էր, թե անցյալ տարի Հայաստանից Ջավախքի հայկական դպրոցներին  ի՞նչ դասագրքեր են ուղարկվել, և արդյոք ՀՀ ԿԳՆ-ն չի գնահատել Ջավախքի դպրոցների կարիքները՝ ճիշտ և ծրագրային գրքեր ուղարկելու համար: Հիշեցնենք՝ Վրաստանի՝ մասնավորապես Ջավախքի հայկական դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքեր ուղարկվել էր 2015 թվականի նոյեմբեր ամսին: Ավելի քան 5000 կտոր «Մայրենի լեզվի» դասագիրք ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով հասել էր Ջավախք, որը ենթադրաբար պիտի բաժանվեր դպրոցականներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դասագրքերը չեն համապատասխանում այն ծրագրերին, որոնցով դասվանդում են Ջավախքի դպրոցներում, ավելին`   այդ դասագրքերով չեն դասավանդում  Հայաստանի և Արցախի ոչ մի դպրոցում: 

 ՀՀ ԿԳՆ-ն ցավով նշել է, որ այո նման  բան եղել է, սակայն իրենք  2013 թվականից ի վեր այդ հարցերով չեն զբաղվում:

Ըստ  ՀՀ ԿԳՆ, Սփյուռքի հետ կապերի բաժնի՝ «Ջավախք ինֆո»-ին տրամադրած տվյալների, Վրաստանի հանրային դպրոցներին հայերենի ուսուցմամբ դասագրքերի տրամադրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացրել է 2002-2013թթ.: Առաքման գործընթացն իրականացվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ` ուսումնական գրականությունը Վրաստանի որպես հումանիտար բեռ ճանաչելուց հետո:    

2009-2013թթ., ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից  Վրաստանի դպրոցներին տրամադրվել է 61522 կտոր գրականություն` համաձայն հետևյալ բաշխման.                                                                   

2009-2010թթ.՝ 32060,       

2011թ.՝  7138,        

2012թ.՝ 7569,       

2013թ.՝ 14755:

Մայրենի լեզվով կրթություն ստանալու խնդիրը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող ամենասուր խնդիրներից է: Կա  «Մայրենի լեզվի» և «Գրականության» դասագրքերի լուրջ պակաս: Բացի դրանից, Վրաստանում տպագրված և հայկական դպրոցներին առաքվող դասագրքերում բազմաթիվ փաստական և ուղղագրական սխալներ կան: Բիլինգված ուսուցման ծրագրով նախատեսված՝ թեմաների կեսը հայերեն են, վերնագրերը և մյուս մասը՝վրացերեն, ինչը հայաբնակ տարածաշրջանում ապրող և վրացերենին լիարժեք չտիրապետող երեխայի համար հավելյալ դժվարություն է: 

Աղունիկ Հովհաննիսյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4194.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :