Գագիկ Գինոսյանը՝ Արցախի, վերջին օրերի լարվածության և Ջավախքի մասին

Գագիկ Գինոսյանը՝ Արցախի, վերջին օրերի լարվածության և Ջավախքի մասին

«Կարին» ազգագրական երգ-պարի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ծնունդով Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքից է։ Արցախի ինքնապաշտպանական մարտերում եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա, 1992 թվականի օգոստոսին, սպարապետ Վազգեն Սարգսյանի զորակոչով ընդգրկվել է Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում։

Արցախյան հակամարտության և ջավախքյան ներգրավվածության շուրջ «Ջավախք ինֆո»-ն զրուցել է Գագիկ Գինոսյանի հետ:

-Պարոն Գինոսյան, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պարագայում: Ո՞ւր ենք այսպես հասնելու:

Կարծում եմ, անգամ երկու երկրների նախագահները չգիտեն՝ ուր ենք հասնելու: Նապոլեոնն ասում էր. «Պատերազմները սկսվում են, երբ ուզում են և ավարտվում՝ երբ կարողանում են»։ Հաճախ հակառակորդը սադրիչ քայլերի է դիմում, որոնք անկանխատեսելի  ավարտ են ունենում։ Եվ հենց այս տեսանկյունից շատ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անել, թե ինչ պիտի լինի, ուր պետք է հասնենք։ Շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ ձեռնարկել միջոցներ, որպեսզի նման ոտնձգություններն ի սկզբանե կանխվեն և հստակ բանաձևեր ունենանք։ Նախ՝ Հայաստանի ամբողջ մթնոլորտը պետք է փոխվի, բոլոր մոտեցումները՝ բոլոր ոլորտներում: Տնտեսությունը պետք է նպաստի Հայաստանի անվտանգության հզորացմանը, բանակի ամբողջ սպառազինությանը նորովի մոտեցում պետք է ցուցաբերվի։ Էլ չեմ ասում, որ կրթական համակարգը պետք է ամբողջովին համապատասխանի քաղաքացի դաստիարակելու երևույթին, որն իսպառ բացակայել է անկախության բոլոր տարիների ընթացքում։ Ցավով պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմ նույնն է, ինչ աղբյուրի ակունքը պղտորելը և յուրաքանչյուր պղտորումից հետո ինքնամաքրման ժամանակն է գալիս։ Մենք այդ ինքնամաքրման ժամանակահատվածը շատ վատ ենք օգտագործել, այսինքն՝ նախորդ պատերազմից հետո մեր երկրի ներքին  հոգևոր արժեհամակարգային մթնոլորտը շատ վատ ենք ինքնամաքրման ենթարկել, ինչն այսօր հստակ զգում ենք։ Այսօր մենք ևս մեկ հնարավորություն ունենք ճիշտ սթափվելու և ամբողջ երկիրը ռազմական ռելսերի տեղափոխելու համար։ Պետք է հիմք դնել ռազաարդյունաբերության զարգացմանը, որի համար չունենք որևէ տեսլական։ Կարծում եմ՝ սրանք ավելի լուրջ խնդիրներ ենք, քան նստել ու կանխատեսելը, թե ինչ զարգացում է ունենալու, այսինքն՝  ոչ թե պետք է մտածել ցրտահարում կլինի, թե չի լինի, այլ պետք է միջոցներ ձեռնարկել բերքը ցրտահարումից փրկելու համար։ Այսինքն՝ եթե մենք պատրաստ ենք կանխելու նոր ոտնձգությունները, նոր հրոսակային հարձակումները, հերետակոծությունները, ապա թող լինեն դրանք։ Քանի որ թուրքը ատամներով փորձեց  մեր «պոպոկի պնդությունը» և չկարողացավ ջարդել, ապա այս անգամ կարող է մուրճով գալ, դրա համար մենք պետք է և պարտավոր ենք զրահապատել մեր պոպոկը, որ իր մուրճն էլ ջարդվի։

-Լինելով Արցախյան ազատամարտի մասնակից` ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում երկու տասնամյակ առաջ բռնկված պատերազմի և այսօր տեղիունեցող իրադարձությունների միջև:

Ադրբեջանցու վարքագծում առանձնապես փոփոխություն չի եղել՝ նույն վայրենի ու գազանավայել մոտեցումն է մարդկանց մարմինները խոշտանգելու։ Ես կասեմ, որ դա տկարություն է, այսինքն՝ ուժեղ մարդը, հզոր հոգեբանությամբ մարդը չի ապականում մարդու մարմինը, որովհետև ինքը «մարդ» տեսակ է։ Նժդեհն ասում էր. «Անիմաստ է խոսել հերոսությունից այնտեղ, ուր առյուծ չես գտնում»։ Այսինքն՝ եթե դու հաղթել ես ոչ թե առյուծի, այլ նույնիսկ գայլի, հերոսության մասին խոսելն անիմաստ է։ Եթե իրենց համար 92-ամյա  մահացած տատիկի ականջը կտրելը հերոսություն է, ուրեմն թող մնան իրենց հերոս տեսակի մեջ։

Խոսելով մեր մասին՝ կասեմ, որ այն ժամանակ մենք շատ խառնաշփոթ վիճակում էինք. տնտեսություն չկար, սպառազինություն չկար, մենք միաժամանակ մտածում էինք մեր անկախության ձևակերպման և Արցախի ազատագրման, դրանց քաղաքական մոտեցման՝ վերամիավորման և Արցախի ինքնորոշման մասին։ Ցավոք ցրտի, այսօր էլ մենք հստակ պատկերացում չունենք շատ հարցերի վերաբերյալ, չունենք նաև վճռականություն։ Այնինչ, իմ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, կանգնած Արցախի Շահումյանի լեռների վրա, ասում էր. «Ինչ ուզում է ասեն կենտրոնական և ոչ կենտրոնական, տեղական իշխանությունները, միջազգային և ազգային ատյանները՝ սա Հայաստան է և վերջ»։ Այսինքն, եթե մենք այսօր էլ ունենանք նման զորավարներ, ապա նոր լուծումներ կլինեն։ Տարբերություն է նաև այն, որ այն ժամանակ, եթե մեկը խենթություն ուներ բարձրաձայնել անկախության մասին, ապա ինքը առանձնանում էր բոլորից, իսկ այսօր այդ մասին խոսելը դարձել է ամենօրյա խոսակցություն և դրանով չես առանձնանա։ Այսօր անկախությունը «երկաթ-բետոնե» դարձնելու խնդիր կա, և ով որ այս հարցում ավելի յուրօրինակ ու որակյալ կլինի, նա մերօրյա հերոս պիտի դառնա։

-Ինչպե՞ս կգնահատեք հակառակորդի հնարավորությունները՝ հաշվի առնելով զինամթերքը և մարտավարական հմտությունները:

Ես հակատանկային զենքերի մասնագետ եմ եղել պատերազմի ժամանակ և խաղաղ պահերին հաճախ իմ կողքի մարդկանց սովորեցնում էի տիրապետել դրան, որպեսզի իմ վիրավորվելու դեպքում այն մետաղի թափոնի չվերածվեր։ Այսինքն, մի հզոր զենք, որն ուղղակի կպայթեցներ մի քանի տոննանոց տանկ, կարող էր վերածվել մետաղի թափոնի։ Եթե դու հմուտ չես զենքը գործարկելու, կիրառելու ապա այն լավագույն դեպքում կարող ես օգտագործել որպես դագանակ։ Այսինքն՝ նրանք գնեցին նորագույն տեխնիկա, սպառազինվեցին մինչև ատամները, բայց չկարողացան կիրառել, ունենալով հզոր զենք՝ կոճակի տեղը չգիտեն։ Տգետ մարդը մնում է տգետ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ քնենք, որովհետև գերտերությունները հերթական անգամ իրենց մուրճը ջարդեցին և վաղը կարող են ավելի հզոր մուրճ բերել։ Եվ, եթե որոշել են Հայաստանին, այսպես ասած,  «խաղից դուրս»  բերել, ապա մենք պետք է նույնքան վճռական լինենք և թույլ չտանք որևէ մեկին մեր կամքից անկախ լուծումներ առաջարկել։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, այսօրվա սահմանին կանգնած զինվորը:

Կարծում եմ, այն պատերազմի ժամանակ էլ, և առավել ևս այս պատերազմի մասին պոետները, կինոռեժիսորները, սցենարիստները և երգահանները պետք է գրեն, իսկ այն, որ հպարտանալը մեղմ է, մեղմ բառ է արտահայտելու համար այն զգացողությունները, որ ապրում ես այդ տղաների մասին խոսելիս, հատկապես Արմենակ Ուրֆանյանի կամ մյուս տղաների, ովքեր կարողացան անձնազոհ վերաբերմունք ցուցաբերել՝  իրենց կյանքի հաշվին։ Պետք է վստահ ասեմ, որ իրենք ապացուցում են Նժդեհի խոսքերի հավաստիությունը. «Յուրաքանչյուր սերունդ պետք է գերազանցի իր նախորդներին, դա ոգու հրամայականն է», և կարծում եմ՝ նրանք ավելի քան գերազանցել են, և եկել է մի սերունդ, որը ոչ միայն ոգի ունի կռվելու, ոչ միայն կամք ու վճռականություն և անվախ է, այլ տարբեր տեսանկյուններից մեզ գերազանցել է։ Եթե մեզ համար անկախությունը երազանք էր, ապա իրենց համար կյանքի նորմ է։ Հավատացեք´, մեզ ողբերգություն էր սպասվում, մեծ ողբերգություն, եթե տղաները չկասեցնեին այն։ Ոչ մեր սպառազինության, ոչ մեր տնտեսության, ոչ էլ մեր դիվանագիտության, այլ հայ տղայի, հայ մանչուկի, հայ մանկիկի  ոգու հաշվին դա կասեցվեց։

-Նախագահ Սարգսյանն ասել է՝ 80-ականների զենքով ենք կռվում, իսկ հասարակությունը պահանջում է օլիգարխների և ստվերային գումարները մոբիլիզացնել և նորագույն զինամթերքով զինվել: Ի՞նչզ ենք է պետք իրականում ունենալ, և որը պետք է լինի հաղթանակի խաղաթուղթը: 

-Հաղթանակի խաղաթուղթը, իհարկե, հայ մարդու ոգին է, իմաստությունը, խորհելու ու լուծում գտնելու և խուճապի չմատնվելու կարողությունը։ Ինչպես Նժդեհն էր ասում, որ «զենք անհարաժեշտ է, բայց արի բազուկներով կռվենք»։ Մենք հիմա բազուկն ունենք, զենքը չունենք։ Իրականում ամոթ է, պետք է ամաչել, որ մեր զենքերը 80-ականների են։ Միայն պետք է հպարտանալ, որ հայ մանչուկը 80 թվականի զենքով  էլ կարողացավ կասեցնել, բայց դա նրանց հպարտությունն է, ոչ մեր սերնդի համար։ Վստահ եմ նաև, որ սա մեր սերնդի բացթողումն է, որ իշխանությունները մեր սպառազինությանը նման մեկնություն են տվել։ Միանշանակ՝ օր առաջ պետք է սպառազինության հարցը լուծել, օր առաջ, որովհետև մենք չգիտենք վերահաս պատերազմը երբ է լինելու։ 

- Ջավախքում ապրող հարյուրավոր մարդիկ նույնպես արձագանքել են և պատրաստակամություն հայտնել մեկնել Արցախ առաջին իսկկ անչի դեպքում: Ըստ Ձեզ, ինչպե՞ս կվերաբերի Վրաստանը դրան: Արդյո՞ք մեկ այլ լարվածության առիթ չի ստեղծվի:

Ֆրանսիայից եկել են, Պարսկաստանից եկել են, Լիբանանից եկել են, և սա թյուրըմբռնում է, և Վրաստանի հետ ոչ մի կապ չունի։ Սա հայ մարդու, աշխարհասփյուռ հայ ազգի խնդիրն է՝ համազգային խնդիր։ Անձամբ ինձ զանգել են իմ հայրենակիցները, համաքաղաքացիները՝ Ախալցխա քաղաքից և ոչ թե ասել են «հարկ եղած դեպքում», ասել են «ու՞ր գանք, որտե՞ղ գանք, ե՞րբ գանք»։ Ես ուղղակի չեմ թողել, որովհետև այս պահին դրա կարիքը չկա։ Կարծում եմ՝ որևէ լարվածության առիթ չի ստեղծվի, քանի որ յուրաքանչյուր ազգի զավակ, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, պետք է պաշտպանի իր հայրենիքի անվտանգությունը։

Ջավախքցին նույն որակական հատկանիշներով հայն է, ինչպիսին Բեյրութի հայը, Թեհրանի հայը, Մոսկվայում ապրող հայը, Բելգիայում ապրողը և այլն, ովքեր բոլոր միջոցները գործադրեցին՝ ցույցեր, հրապարակումներ, ճանաչված մարդկանց հանդիպումներ, որպեսզի իրենց մտահոգությունն արտահայտեն  հայրենիքի ճակատագրի համար։ Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, ինչպիսին պետք է լինի իր մասնակցությունն ու աջակցությունը։ Այսինքն՝ եթե  լավ գիտնական ես, ֆիզիկոս ես,  կարող ես վաղվա ռազմաարդյունաբերության վրա պոտենցիալ ազդեցություն ունենալ և պիտի լինես այնտեղ, որտեղ առավելագույն օգնություն կարող ես ցույց տալ։ Ջավախքցի մարդը ևս աջակցության և  զորակցության իր ձևերը պետք է գտնի, և պարտադիր չէ, որ բոլորը նույն ձևով գտնեն։

Զրուցեց՝ Անուշիկ Ստամբոլցյանը

Լուսանկարը՝ Գ. Գինոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարճ հասցե: javakhq.info/u/4172.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :