Ջավախքում ևս «Թումո» կբացվի

Լուսանկարը՝ Գայանե Մելքոնյանի Լուսանկարը՝ Գայանե Մելքոնյանի

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում նախատեսվում  է Ջավախքում ևս  բացել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ծրագրի իրագործման համար ներկայումս առաջնահերթ խնդիրը կենտրոնի համար համապատասխան շենքի ընտրությունն է։ Այս մասին այսօր հայտարարեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազեանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

«Կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքերը փլատակ վիճակի մեջ են, և մեծ աշխատանք է պահանջվում դրանք բարեկարգելու համար։ Մոտավորապես երկու տարի անհրաժեշտ կլինի վերանորոգման, անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման (համապատասխան կահույք, համակարգիչներ և այլ տեխնիկական պարագաներ) համար»,- մանրամասնեց Մարի Լու Փափազեանը:

Կենտրոնը լինելու է Ախալքալաք քաղաքում: Ընտրվելու է այնպիսի տարածք, որը հետագայում ընդլայնվելու հնարավորություն ունենա, եթե կենտրոնում սովորել ցանկացողների թիվը նախատեսված 900-ը գերազանցի։  Աշակերտները հաճախելու են տարբեր հերթափոխերով,  որովհետև բոլորին միանգամից ընդունել հնարավոր չէ։  

Մարի Լու Փափազեանի խոսքերով, կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։  Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով  և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության։

«Մեր առաքելությունն է պատրաստել անհատներ, որոնք կլինեն մրցունակ, ինքնավստահ և օգնել նրանց բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Առաջին երկու ամիսը կարելի է համարել ընդհանուր ունակությունների զարգացման շրջան, երբ նորեկը ծանոթանում է միջավայրին ու ուսուցման պայմաններին, ստանում ընդհանրական գիտելիքներ: Հետո, կողմնորոշվելով իր նախընտրությունների հարցում, ընտրում է կոնկրետ ուղղվածություն և խորացնում հմտություններն այդ բնագավառում»,-մանրամասնեց Մարի Լու Փափազեանը։

«Թումո» կենտրոնում ուսուցանում են գծագրություն, հաղորդակցության հմտություններ, նկարահանման աշխատանք, 3D մոդելավորում, ծրագրավորում, դիզայն։  Դասավանդում են տարբեր մեթոդներով՝ վարժություն, դասընթաց և նախագծում։ Վարժությունները կանխամտածված անցկացվում են և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով, որի նպատակն է աշակերտների մեջ ինքնուրույն սովորելու  ունակություն ձևավորել։

Յուրաքանչյուր աշակերտ ունի իր «Ուսուցման ծրագիրը» («Learning plan»), որտեղ տեսնում է իր առաջընթացի մակարդակը։ Իսկ ամբողջ խմբի աշխատանքը համակարգչային հատուկ ծրագրի միջոցով վերահսկում են հատուկ ընտրված մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նրանք ոչ միայն հայ, այլև այլազգի ներկայացուցիչներ են։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել էր չորս տարի առաջ: Նպատակն է դեռահասներին տալ այնպիսի կրթություն, որը նրանք չեն ստանում դպրոցում։ Նրանց հնարավորություն տալ բացահայտել սեփական թաքուն  ունակությունները, որոնք մինչ այդ անհայտ են եղել։  Այդ գաղափարի իրականացման արդյունքում կենտրոններ բացվեցին Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում։ Այս նախաձեռնությունից անմասն չի մնա նաև Ջավախքը։  

«Մեր նպատակը աշխատատեղ ստեղծելը չէ, այլ ապագա աշխատատեղեր։ Ջավախքում 10 հոգու գործ տալով՝ մենք մեծ գործ արած չենք լինի, բայց լավագույն մասնագետներին հրավիրելով  Ջավախք, մեծ օգուտ կտանք երեխաներին»,- բացատրեց Մարի Լու Փափազեանը։

Արմինե Բերակչյան

 

Կարճ հասցե: javakhq.info/u/3863.html
tumo

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :