Սեպտեմբերի 25-ին լրացավ Պողոս Պողոսյանի մահվան 13 ամյակը

Սեպտեմբերի 25-ին լրացավ Պողոս Պողոսյանի մահվան 13 ամյակը

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Պապլավոկ սրճարանի զուգարանում հայտնաբերվել է 1958թ. ծնված, Վրաստանի Նինոծմինդայի շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանի դիակը: Նրա մահվան պատճառների մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա:

Այդուհանդերձ, ըստ ականատեսների, մինչեւ սրճարանի զուգարանում հայտնվելը, Պ.Պողոսյանը դաժան ծեծի է ենթարկվել այդ պահին նույն սրճարանում Շառլ Ազնավուրի հետ իր երեկոն անցկացնող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից: Բնականաբար, ականատեսները կտրականապես հրաժարվում են այդ մասին բացահայտ հայտարարելուց: Ի դեպ, տեղի ունեցածից ընդամենը 12 ժամ անց Ռ.Քոչարյանը Հռոմի պապին դիմավորելիս ասաց բառացիորեն հետեւյալը. «Արդի աշխարհում, երբ մարդկությունը վկան է դառնում ատելության հրեշավոր դրսեւորումների, առավել քան թանկ են մեզ համար բարու, գեղեցիկի, եղբայրական սիրո համամարդկային արժեքները»: Այս հուզիչ ֆոնի վրա մեզ մնում է միայն ենթադրել, որ այդ պահին Քոչարյանը դեռեւս տեղյակ չէր, թե ինչ է տեղի ունեցել անցած գիշեր Պապլավոկում:

*** 

Ողջ մայրաքաղաքում երեկ լուրեր էին շրջում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները նախօրեին վերջինիս ամենասիրած այցելության վայրում՝ «Առագաստ» սրճարանում մի տղամարդու այն աստիճան են ծեծի ենթարկել, որ քիչ անց նա մահացել է: Ավելին, նույն լուրի համաձայն, այդ ամենը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի «Առագաստում» գտնվելու ժամանակ, եւ ծեծը սկսվել է նրա, Շառլ Ազնավուրի եւ մոտ 300 սփյուռքահայ հյուրերի ներկայությամբ:

ՆԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պաշտոնապես մեզ հավաստեցին միայն, որ վերը նշված օրը՝ 0 ժամ 40 րոպեին «Առագաստ» սրճարանից ահազանգ է ստացվել, թե սրճարանի զուգարանում մահացած մարդու դիակ է հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը՝ 1958 թ. ծնված, Վրաստանի Նինոծմինդայի շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանն է: Վերջինիս ոտքի եւ գլխի մասում քերծվածքներ են եղել: Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, Պ. Պողոսյանի մահվան պատճառների մասին տեղեկատվությունում ոչինչ չի ասվում: ՆԳՆ -ից հավաստեցին, որ գործը վարում է դատախազությունը, եւ մահվան պատճառը ու ընդհանրապես մանրամասները կպարզվեն քննության արդյունքում: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամլո ծառայությունից հավաստեցին, որ դեպքը Կենտրոն համայնքի դատախազությունն է քննում, եւ փորձաքննության արդյունքը հայտնի կդառնա միայն այսօր:

Նախագահի մամլո ծառայությունից դեպքի շուրջ մեր հարցին ի պատասխան ընդամենը հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանը «Առագաստ» սրճարան է ժամանել ժամը 22-ի սահմաններում ու այնտեղից հեռացել է մոտավորապես 0.30-ին, եւ նրա՝ «Առագաստում» գտնվելու ընթացքում ոչ մի միջադեպ չի եղել: Այսինքն, պետք է ենթադրենք, թե զուտ պատահականություն է այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի՝ սրճարանից հեռանալուց տասը րոպե անց են ահազանգել՝ տեղեկացնելով զուգարանում հայտնաբերված դիակի մասին:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ ահազանգին Կենտրոն համայնքի շտապ օգնության կայանն է սպասարկել: Այստեղից հայտնեցին, որ դիակը անմիջապես դատական փորձաքննության է տարվել: Շտապ օգնության կայանում հրաժարվեցին սպասարկող բժիշկների վերաբերյալ որեւէ տվյալ  հաղորդել:

Որքան էլ տարօրինակ թվա, ականատեսների գերակշռող մասը «բերանը ջուր առած» լռում է՝ աշխատելով ձեւացնել, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել, եւ իրենք ոչ մի բան չեն տեսել: Իսկ մասնավոր զրույցների ընթացքում նրանցից շատերը պատմել են, որ մոտավորապես 00 ժամի սահմաններում մի տղամարդ փորձել է մոտենալ Շառլ Ազնավուրին, որը Ռոբերտ Քոչարյանի հետ միեւնույն սեղանի շուրջ է նստած եղել: Վերջինիս թիկնապահները նրան թույլ չեն տվել այդ անել, եւ գինովցած տղամարդը Ռ. Քոչարյանի հասցեին ուղղված ռեպլիկներ է սկսել անել: Այս հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորին զայրացրել է, եւ նրանք սկսել են գինովցած երկրպագուին դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ «կարգազանցին» քարշ տվել զուգարան, հավանաբար, նրա հետագա «մշակումը» այնտեղ ավարտելու նպատակով:

Բնական հարց է առաջանում.  արդյո՞ք աշխարհահռչակ հայազգի երգիչը եւ նրան հյուրընկալող ՀՀ նախագահը չեն նկատել, թե   ինչպես են վարվում այցելուներից մեկի հետ: Ինչո՞ւ ներկա մի քանի հարյուր այցելուներից գոնե մեկը չի համարձակվել միջամտել: Եթե հայաստանցիները՝ ոչ առանց հիմքի, սեփական անվտանգությունից ելնելով, չէին փորձի միջամտել, ապա սփյուռքահայ մեր հայրենակիցներին ի՞նչն է ետ պահել:

Բնականաբար, դժվար թե ականատեսներից որեւէ մեկը՝ հիմնականում հանրությանը հայտնի մարդիկ, ասենք՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Կոնստանտին Օրբելյանը եւ այլն, հետագայում էլ այդքան համարձակություն ունենան եւ հրապարակավ պատմեն, թե «Առագաստում» այս երկուշաբթի երեկոյան ինչ է տեղի ունեցել: Նրանք    այդ մասին խոսել կհամարձակվեն, թերեւս, միայն մտերմիկ շրջապատում:

 Հ.Գ. Ի դեպ, եթե այսպես շարունակվի, ապա կարելի է արձանագրել, որ «Առագաստ» սրճարանը հավակնում է դառնալ մարդկանց կյանքի համար ամենավտանգավոր այցելության վայրերից մեկը, քանի որ այս միջադեպը առաջինը չէ: Դեռեւս մի քանի տարի առաջ խորհրդավոր հանգամանքներում, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ զոհվեց: Այս սրճարանում էր ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը ատրճանակից կրակ բացել, այստեղ էին Արկադի Վարդանյանին Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծի ենթարկել, երբ նա փորձել էր մուտք գործել «Առագաստ»՝ նախագահի այնտեղ եղած պահին:

Նյութը ամբողջությամբ վերցվել է /javakhkmedia.com կայքից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3254.html
Վրաստան Հայաստան Պողոս Պողոսյան Ռոբերտ Քոչարյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :