Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը:

 

Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։

 

Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։

 

Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից եւ Հայաստանից ԳՀԽ հոգեւորական եւ աշխարհական անդամների մասնակցությունը Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին` Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծեց, որ պատրիարքի հանգամանքի մեջ առաջին անգամ լինելով՝ ԳՀԽ ժողովին իր մասնակցությունն է բերում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղեց Կ․ Պոլսի Պատրիարքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը վերջինիս առաքելության արդյունավոր իրականացման, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի պայծառության եւ պոլսահայության հոգեւոր կյանքի շինության համար։

 

Վեհափառ Հայրապետը ողջունեց նաեւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի մասնակցությունը ժողովին՝ գոհունակությամբ հաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ՀԲԸՄ կողմից մշտապես ցուցաբերվող զորակցությունը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ժողովի ընդարձակ օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք առնչվում են ներեկեղեցական կյանքին եւ Հայոց Եկեղեցուն ու ժողովրդին հուզող զանազան խնդիրներին:

 

Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար։

 

Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, ինչպես նաեւ  Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին եւ կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:

 

Գերագույն հոգեւոր խորհրդին կներկայացվի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգեւոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը եւ վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7879.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :