Սևանա լճի ձկնատեսակները

Սևանա լճի ձկնատեսակները

Հայաստանի էնդեմիկ ձկնատեսակներ են՝ Սևանի իշխան՝  իր 4 ենթատեսակներով, Հայկական կարմրակն , Հայկական տառեխիկ ,  Սևանի կողակ , Սևանի բեղլու, Հայկական գուստերա։ Հայաստանում կիսագաղթող ձկների էկոլոգիական խմբին են պատկանում ծածանը, հաշամը, բրամը, ճանառը, լոքոն։ Այս խմբի ձկները կարող են ապրել ինչպես քաղցրահամ, այնպես էլ աղի ջրերում՝ ծով թափվող գետերի գետաբերաններում։ Դրանց սաղմի զարգացումը ընթանում է միայն քաղցրահամ ջրերում։ Այս խմբին անվանում են նաև նստակյաց ձկներ, նրանք մեծ տեղաշարժեր չեն կատարում։ Հայաստանի ձկնատեսակները բոլորը պատկանում են քաղցրահամ ջրերի ձկների խմբին։ Դրանք են՝ Սևանի իշխան, կողակ, բեղլու, Հայկական տառեխիկ, կարմրակն, գուստերա։ Հայաստանում միայն մեկ տեսակի կենդանածին ձկնատեսակ կա. համբուզիան, որին 1930- ական թվականներին կլիմայավարժեցրել են Արարատյան դաշտի դանդաղ հոսող գետերում և լճակներում՝ մալարիայի մոծակի դեմ պայքարելու նպատակով։
Ջրակենսաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջերից՝ Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների առանձնահատկությունների բացահայտման նպատակով։ Լ. Բերգի, Կ. Կեսլերի, Ա. Բրանդտի և այլ գիտնականների աշխատություններում կան տեղեկություններ լճի ջրաբանական ռեժիմի, ջրաքիմիական կազմի, ինչպես նաև ինքնատիպ ֆաունայի վերաբերյալ։ Սակայն կանոնավոր ջրակենսաբանական հետազոտություններ հանրապետությունում սկսվել են 1923 թվականին, երբ Ա. Դերժավինի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սևանի ջրակենսաբանական կայանը։ Այս շրջանում ուշագրավ են Մ. Ֆորտունատովի և Լ. Առնոլդիի աշխատությունները՝ Սևանա լճի ձկնաշխարհի, բուսաշխարհի ու ջրային անողնաշարների վերաբերյալ։ Հետագայում ուսումնասիրության շրջանակներն ընդգրկել են նաև հանրապետության այլ ջրամբարներ, Ակնա և Սև լճերը, Հրազդան գետը և այլն։ Ձկնաբանության ոլորտում ձեռք բերված հաջողություններից են Սևանա լճում Լադոգա և Չուդ լճերի սիգ ձկնատեսակի, իսկ հանրապետության այլ ջրամբարներում՝ Սևանի իշխանի կլիմայավարժեցումը։ Այս աշխատանքները մեծապես նպաստել են ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային ջրակենսաբանության զարգացմանը։ ժողտնտեսության կարիքների համար Սևանա լճի ջրի պաշարների ինտենսիվ օգտագործման հետևանքով 1960-1980-ական թվականներին կտրուկ իջել է լճի մակարդակը, զգալիորեն փոխվել են լճի ձևաչափի և ջրաբանական ցուցանիշները, ջերմային և օպտիկ, ռեժիմները, ջրի քիմիական բաղադրությունը, բուսական և կենդանական աշխարհների որակական կազմը, սիգի և իշխանի քանակական հարաբերությունը, վատացել է ջրի որակը։
1990 թվականին Սևանի ջրակենսաբանական կայանը վերակազմավորվել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոզիայի և ձկնաբանության ինստիտուտի, որը կովկասյան տարածաշրջանի միակ մասնագիտացված գիտական կազմակերպությունն է, 2007 թվականին ընդգրկվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և ջրաէկոլոգիայի գիտական կենտրոնի կազմի մեջ։ Ինստիտուտը ՌԳԱ Պապանինի անվան ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի հետ 2005 թվականից սկսել է Սևանա լճի համալիր հետազոտություններ, որոնց արդյունքներն ամփոփվել են մենագրության մեջ։ գիտական համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Բելառուսի ԳԱ Կենսապաշարների գիտագործնական կենտրոնի հետ։ Ներկայումս ուշադրության կենտրոնում են լճի կենսաբազմազանության պահպանության, կենսապաշարների վերականգնման և լիճ ներթափանցած օտարածին տեսակների կառավարման հարցերը։ ՀՀ-ի ջրակենսաբանության առաջնահերթ խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի մեջ մտնող ենթահամակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, դրանց փոխհարաբերությունների, քանակ, փոփոխությունների կանխատեսումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ջրի որակի բարելավմանը, որովհետև Սևանա լիճը Կովկասում խմելու ջրի միակ հեռանկարային աղբյուրն է։

Կարճ հասցե: javakhq.info/u/4418.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :